Մանկավարժականում մեկնարկեց «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը։
Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի, ՀՊՄՀ-ի և Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ձեռնարկը նվիրված էր ակադեմիայի հիմնադրման մեկամյակին։
Մանկավարժական համալսարանում էին գիտակրթական ոլորտի առաջատար մասնագետներ՝ վերհանելու և քննարկելու հանրակրթության և բուհական մանկավարժության հիմնախնդիրները, զարգացման միտումները, մասնավոր մեթոդիկաների դասավանդման առանձնահատկությունները:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադիր կառույցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Ռեկտորն այն կարծիքին է, որ ձեռնարկն անդրադառնում է կրթության ճգնաժամով պայմանավորված ներկայիս մարտահրավերներին և մտահոգություններին։
Նա հույս հայտնեց, որ զեկույցներում կգտնվեն պատճառներ, կհնչեն պատասխաններ, թե ինչու՝ մանկության սուբյեկտը և ուսուցիչն այսքան հեռացան միմյանցից։
Խոսելով ուսուցիչների վերապատրաստումների ընթացքից՝ ռեկտորը նկատեց՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցիչը ոչ թե ուզում է ավելացնել գիտելիքները, այլ ունի սոցիալական վախեր․ այս իրողությունը նորություն չէ ոչ Հայաստանի, ոչ արտասահմանի համար։
«2010-2014 թթ․ սերունդը համարվեց նոր գեներացիա, որն ունի հոգեֆիզոլոգիական նոր հատկանիշներ»,-նշեց ռեկտորն ու մասնագետների ուշադրությունը հրավիրեց այն հարցին, թե ինչու ենք մանկության սուբյեկտին թողել միայնակ, ինչու է մեծը մոռացության մատնել իր պարտականությունները։
«Շարունակում ենք սովորել և սովորեցնել մի մեթոդիկա, որն արդյունավետ և կիրառելի չէ ժամանակակից երեխաների հետ աշխատանքում։ Երեխան միայնակ է մնացել վիտուալ տարածքում, ում մոտ ձևավորվել է միայն կլիպային մտածողություն, ինչը բերում է կարճ բավարարվածության, ուշադրության դեֆիցիտի, նյարդահոգեբանական լարվածության աճ և այլ խնդիրներ։ Ուշադրության դեֆիցիտը բերել է նաև մտավոր դեֆիցիտի․ խաղերը չունեն մտավոր բեռնվածություն, հաղորդակցման խնդիրներ չեն առաջադրում»,-նշեց հոգեբանական գիտությունների դոկտորն ու անհանգստացնող համարեց նաև այն, որ այդ բոլոր խնդիրներից բացի, նվազել է ապրումակցման զգացողությունը և գլուխ է բարձրացրել հույզերը նշանագրությամբ արտահայտելու տարբերակը։
Սրբուհի Գևորգյանը կարծում է, որ ժամանակն է ժամանանակից սուբյեկտի համար ունենալ մեթոդական նոր ապարատ, որն արդյունավետ կդարձնի կրթության կազմակերպումն ու ուսուցման պրոցեսը նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
«Եթե հստակ չներառենք գործնական քայլեր, չարձագանքնենք ուսուցիչների գործունեության ճգնաժամի հաղթահարմանը, կվերածվենք կղզյակի, որի վերլուծություններն ու հետազոտությունները չեն ծառայի իրեն առաքելությանը»-նշեց ռեկտոր Գևորգյանն ու ևս մեկ անգամ կարևորեց ակադեմիայի գործունեությունը՝ մեկ տարվա ընթացքում հստակ հանձնարարականներ ձևակերպելու, դրանց վերաբերյալ մանկավարժների և հոգեբանների փորձը մեկտեղելու, վիճակագրական տվյալները գործնական քննարկումներով կազմակերպելու տեսանկյունից։
Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը շնորհավորեց գիտական կառույցի հիմնադրման մեկամյակի առթիվ և ափսոսանքով նկատեց, որ նախորդ և ներկայիս սերունդների միջև երկխոսությունը բացակայում է։
Պրոֆեսորն իր թոռնիկի օրինակով ներկայացրեց, որ ժամանակ առ ժամանակ նկատում է ուսումնական գործընթացի հանդեպ հետաքրքրության բացակայություն։ Նա խոսեց նաև փոքր երկրներում տնտեսագիտական հետազոտությունների մասին և ընդգծեց՝ այն երկրներում, որտեղ ֆինանսական քիչ ռեսուրսներ են ներդրվում կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, կա ցածր կենսամակարդակ․ «Կրթության և կենսամակարդակի միջև ուղիղ կապ կա։ Ցավոք մեզանում այդ ոլորտները երեք տասնամյակ և ավելի դիտարկվել են մնացորդային»։
Էդվարդ Սանդոյանն անդրադարձավ տարբեր երկրներում ուսուցչի բարձր դիրքին և դիմելով ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ հավելեց․ «Պետք է հասնենք նրան, որ Ձեր՝ ուսուցչական համայնքը լինի պահանջված, այլապես չենք ունենա զարգացած տնտեսություն և երկիր՝ կորցնելով նաև կրթության հազարամյա լավագույն ավանդույթներն ու ժառանգությունը»,-նշեց պրոֆեսոր Սանդոյանն ու ներկաներին վստահեցրեց՝ հասարակության գերխնդիրը մանկավարժության հիմնահարցի մեջ է։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լուբկովի ուղերձը։
Պրոֆեսորը Լուբկովի իր շնորհավորանքն էր հղում Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիային՝ հիմնադրման մեկամյակի առթիվ և ափսոսանք հայտնում գիտաժողովին ներկա չգտնվելու համար․«Գիտական կառույցի գործունեությունը չափազանց հեռանկարային եմ համարում և հավատում եմ, որ այն ստեղծում է մշակութային անհրաժեշտ երկխոսություն, ինչը կարևոր դեր է կատարում ժամանակակից հասարակության կրթական պահանջմունքները բավարարելու և կրթական գործունեության զարգացումն ապահովելու համար»։
Գիտաժողովին առցանց մասնակցում էր նաև Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի նախագահ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Վիտալի Ռուբցովը։
Պրոֆեսորը նկատում է՝ միջազգային կրթական հանրույթն այսօր լրջորեն անհանգստացած է արդի կրթական համակարգի խնդիրների վերհանմամբ․ դրան է միտված նաև այսօրվա գիտաժողովն ու մասնակիցների զեկուցումները։
Վիտալի Ռուբցովի դիտարկմամբ՝ կրթությունն այսօր շատ զգայուն է դարձել․ անհրաժեշտ է վերանայել մասնագետների միջարակայական կարողունակությունները։ Նա իր ելույթում անդրադարձավ կրթության հիմնական երեք խնդիրներին։ Առաջինը, ըստ պրոֆեսորի, կրթության թվայնացումն է, ինչը նաև ազդել է գիտելիքի բովանդակության, դրա փոխանցման կազմակերպման ձևի, մեթոդների վրա, կրթության անհատականացումն ու դրա հետևանքով ստեղծված նորամուծությունները, որոնց չպետք է շրջանցել, ինչպես նաև ժամանակակից կադրերի, մասնագետների պատրաստումը, որոնք իրենց հերթին պետք է սովորեցնեն։
«Ֆիզիկան և համաչափությունը» թեման գիտաժողովում ներկայացրեց Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։
Ինչպես նկատեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ պրպտող գիտնականն ու ուսուցիչն ամենօրյա ռեժիմով սովորեցնում է սովորել և սովորեցնել։
Պրոֆեսորը պատմական ակնարկ կատարեց՝ ինչպե՞ս էին անցյալում պատկերացնում համաչափություն հասկացությունը, անդրադարձավ համաչափությանը՝ ֆիզիկայում, բնության մեջ, դրա դրսևորմանն արվեստում և այլն։
Ակադեմիկոս Ղազարյանը նկատում է՝ «Համաչափությունը գեղեցկություն է, բնությունը՝ արվեստի մի մեծ թանգարան, բնության երևույթները՝ արվեստի նմուշներ։ Ֆիզիկան արվեստ է և չի կարող հնանալ, ինչպես չի հնանում արվեստը»։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում․անդրադարձ կատարվեց ցանցային լրատվամիջոցների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների մեդիագրագիտության զարգացմանը, ՀՀ-ում ավագ դպրոցի հիմնախնդրիներին և զարգացման հեռանկարներին, հանրակրթական դպրոցում կրթական միջավայրի անվտանգության ապահովման հիմնախնդրին, ավագ նախադպրոցական տարիքի երեխաների հաղորդակցական կարողությունների զարգացման մանկավարժական արդյունավետ ուղիներին։
Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին և զարգացման միտումներին, Ֆիզիկայի խնդիրների վերլուծության դերին և մեթոդիկաներին և այլն։
«Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։