ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին բազմամասնագիտական թիմերի անդամների կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները
16.02.2017
Քննարկվեցին բազմամասնագիտական թիմերի անդամների կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները

Մանկավարժական համալսարանում կայացավ «Ապագա մանկավարժների կրթության և գործող մասնագետների վերապատրաստման ուժեղացումը ներառական կրթության համատեքստում» խորագրով կլոր սեղան:

Ձեռնարկի նպատակն էր ներկայացնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի բուհի Հատուկ կրթության ֆակուլտետի համատեղ ջանքերով՝ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող դպրոցների և մանկավարժահոգեբանական գնահատման ու աջակցության կենտրոնների բազմամասնագիտական թիմերի անդամների կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները, քննարկել հետագա անելիքները:

«Ներառական կրթության ներդրման մեկնարկից ի վեր Հայաստանում կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ.բազմամասնագիտական թիմերի անդամները, որպես կանոն, վերապատրաստման գործընթացից դուրս են մնացել»,-ողջունելով ներկաներին նշեց Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը:

Դեկանը նկատեց նաև, որ մասնագետների կարողությունների զարգացումը հնարավոր կլինի, եթե նախապես հետազոտվեն ու գնահատվեն զարգացման առանձնահատկությունների տարածվածությունը, առանձին մեթոդիկաների և տեխնոլոգիաների ուսուցանման անհրաժեշտությունը։

Ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, անդրադառնալով 2000 թվականից Հայաստանում իրականացվող ներառական կրթության բարեփոխումներին, ընդգծեց ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բարձրագույն հաստատության դերն ու կարևորությունը.«Դեռևս տարիներ առաջ Մանկավարժական համալսարանը բոլոր ֆակուլտետների ուսումնական պլաններում ներառեց ներառական կրթությանը վերաբերող առարկաներ, որոնք անկախ մասնագիտացումից հնարավորություն է տալիս ապագա մանկավարժներին զարգացնել իրենց հմտություններն ու հեշտացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների հետ աշխատանքը: Ընթացքի մեջ է նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացը, որի արդյունքում հատուկ հաստատությունները կվերակազմավորվեն մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության կենտրոնների»,-նշեց պրոռեկտորն ու վստահություն հայտնեց՝ ՀՀ-ն ունի մասնագիտական համապատասխան ներուժ:

«Ապագա մանկավարժների կրթության և գործող մասնագետների վերապատրաստման ուժեղացումը ներառական կրթության համատեքստում» կլոր սեղանին ներկա էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենը:

Վերջինս, արդյունավետ համարելով ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը, նկատեց, որ ապաինստուտիցոնալացումը չի ենթադրում միայն հատուկ հաստատություններից երեխաների դուրս բերում. այն համակարգված քաղաքականություն է, որն ուղղված է ներառական կրթության ներդմանը, երեխաների, մասնավորապես՝ կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցողների հանդեպ խնամքին, ինչպես ընտանիքի, այնպես էլ հասարակության կողմից.«Այս առումով կարևոր է տեղական փորձի զարգացումը և դրա ներդրումը մանագետների լայն շրջանում: Համոզված եմ, որ ՀՊՄՀ-ի մասնագետների կողմից արված հետազոտություների արդյունքները կօգնեն նեղ մասնագիտական ոլորտում առկա սխալների շտկմանն ու տարածմանը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտենը ներառական համակարգի բարեփոխումներում կարևորեց ոլորտում աշխատող մասնագետների պատրաստվածությունը, ինչը կօգնի առավել վաղ բացահայտել և կանխարգելել երեխայի մոտ առկա խնդիրները:

Կլոր սեղանի ընթացքում Սյունիքի մարզում «Ապագա մանկավարժների կրթության և գործող մասնագետների վերապատրաստման ուժեղացումը ներառական կրթության համատեքստում» ծրագրի շրջանակներում իրականացրած հետազոտության արդյունքների մասին վերլուծությամբ հանդես եկավ ՀՊՄՀ-ի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, ծրագրի սոցիոլոգ Նունե Գևորգյանը:

Սոցիոլոգը մանրամասնեց հետազոտության խնդիրները, մեթոդը, փուլերը, անդրադարձավ ներառական կրթության ոլորտում առկա դրական և բացասական փոփոխություներին, մասնագետների անձնական և աշխատանքային բնույթի դժվարություններին, ներկայացրեց առաջարկություններ, որոնց նպատակը մարզում ներառական կրթությունն առավել արդյունավետ կազմակերպելն է:

ՀՊՄՀ-ի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարատիկյանն էլ ներկայացրեց ծրագրի իրականացման հետագա քայլերը:

Կլոր սեղանի ընթացքում Կապանի տարածքային հոգեբանամանկավարժական աջակցման կենտրոնի տնօրեն Լիանա Գրիգորյանը Կապանի տարածքային հոգեբանամանկավարժական աջակցման կենտրոնի օրինակով ներկայացրեց կենտրոնի փորձը, Գորիսի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հրայր Պետրոսյանն անդրադարձավ Սյունիքի մարզի` համատարած ներառական կրթության անցնելու համատեքստում Գորիսի պետական համալսարանի տեսլականին:

Ելույթների հաջորդեցին քննարկումներ, եղավ հարց ու պատասխան:

«Ապագա մանկավարժների կրթության և գործող մասնագետների վերապատրաստման ուժեղացումը ներառական կրթության համատեքստում» ծրագիրն ամփոփեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն ու ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան, ծրագրի համակարգող Արմենուհի Ավագյանը:

Ձեռնարկի ընթացքում ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում հրատարակված 4 մասնագիտական գրքեր, որոնց հեղինակները Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներն են:

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության,, տեղական ու միջազգային կազմակերպությունների, Սյունիքի մարզի աջակցության կենտրոնների, Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչներ, Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ: