ՀՊՄՀ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» գերազանցության կենտրոնի ծրագրի շրջանակներում շարունակվում են աշխատանքային հանդիպումները։
Ծրագիրը միտված է ներկա և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական և հետազոտական հմտություններով, կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։
24 ամիս տևողությամբ ծրագրի ավարտին ընդառաջ, ծրագրի ղեկավար՝ ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ շարունակվում են աշխատանքային խմբի հետ հանդիպումները՝ ի մի բերելու կատարված աշխատանքները, նախանշելու առաջիկա գործողությունները։
Հիմնանորոգված 8 լսարան, տեխնիկական զինում, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաների համար անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռբերում․ ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան կենտրոնը հագեցած է անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով։
Սեմինարներ, դասընթացներ, այդ թվում՝ 2-ը կլիմայի փոփոխությունների մեղմացման և հարմարվողականության վերաբերյալ․խմբի անդամների հետ քննարկվեցին իրականացված աշխատանքները, ներկայացվեց հունիսին նախատեսված «ԲՏՃՄ կրթությունն ապագայի շինարար» խորագրով աշխատաժողովի վերաբերյալ մանրամասներ։
Ինչպես նշեց Մարիաննա Հարությունյանը՝ ծրագրի ավարտին նվիրված աշխատաժողովին կմասնակցեն հանրապետության տարբեր դպրոցների ուսուցիչներ, ուսանողներ՝ ծանոթանալու կառույցի լաբորատորիաներում և կենտրոններում անցկացվող գործնական պարապմունքների մանրամասներին, մասնագիտական վերապատրաստումներին։
Հիշեցնենք, որ ըստ անհրաժեշտության, վերանայվել են բուհական ոլորտային կրթական ծրագրերը, դրանք սինխրոնիզացվել դպրոցական ծրագրին, մասնագիտական փորձառու խմբի հետ համագործակցության արդյունքում էլ լաբորատորիաները հագեցվել են անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, հայալեզու պաստառներով, ստեղծել են հնարավոր բոլոր պայմանները, որ լաբորատորիաները լինեն առավել ճկուն, ծառայեն աշակերտական խմբերին և վերապատրաստվող ուսուցիչներին։
Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձան նաև Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան կատարած այցին, ընդգծելով՝ ստացված փորձը կօգի հետագայում մշակել ՀՊՄՀ գերազանցության կենտրոնի ուսումնական մասի բովանդակությունը՝ ԲՏՃՄ ուղղությամբ կրթական ծրագրերի վերանայման, վերապատրաստման մոդուլների մշակման գործում: Ի դեպ, արդենիսկ կան 6 ուղղությամբ վերանայված կրթական ծրագրեր։