ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին համագործակցության հարցեր
19.12.2024
Քննարկվեցին համագործակցության հարցեր

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց ՌԴ Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարանի ռեկտոր Եվգենի Նիժնիկին։

Հանդիպմանը մանկավարժական բուհերի ռեկտորներն անդրադարձան մանկավարժական գործունեության մարտահրավերներին, երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացի առանձնահատկություններին,  տարբեր համալսարանների հետ կապերին։

Եվգենի Նիժնիկը ներկայացրեց իր ղեկավարած կրթական հաստատությունը, կարևորեց իրենց կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի օլիմպիադային հայ դպրոցականների մասնակցությունը՝ նկատելով՝ որքան շատ ռուսախոս մարդ լինի Հայաստանում, այնքան կընդլայնվի հայ-ռուսական մշակութային երկխոսությունը։

Հայ և ռուս գործընկերներն ընդգծեցին հատկապես երիտասարդներին դեպի գիտական գործունեություն ուղղորդելու կարևորությունը, նրանց խրախուսելու անհրաժեշտությունը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց տարբեր համալսարանների հետ բուհի համագործակցությունը, իրականացվող ծրագրերն ու դրանցում կարևորեց հատկապես ուսանողների փոխշփումները, ինչը բուհերի գործակցության շարունակականության ամենամեծ գրավականն է։ Այդ համատեքստում՝  բուհերի ղեկավարները բարձր գնահատեցին «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբի գործունեությունը, ինչի շրջանակում հայ և ռուս ուսանողների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են ամենատարբեր թեմաների շուրջ բանավեճեր, քննարկումներ։

Ռեկտորն առանձնակի կարևորեց Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։ Վերջինս ցավով նկատեց՝ չնայած ներկայումս կրթական ոլորտում նկատելի բարեփոխումներ են իրականացվում, սակայն ուսուցչի մասնագիտությունը մեր երկրում մնում է ցածր վարձատրվողների շարքում, մյուս կողմից՝ երիտասարդները նախընտրում են տեղեկատվական տեխնոլոգիաները և չեն գնում գիտության ճանապարհով։ Թեմայի վերաբերյալ Եվգենի Նիժնիկը հավելեց, որ իրենք ևս լրջագույն բարեփոխումներ են անում դպրոցական կրթական համակարգում, ինչպես նաև տարբեր մեթոդներով խրախուսում մագիստրոսներին և ասպիրանտներին՝ ուղղորդելու դեպի գիտություն։

Հանդիպմանը հայ և ռուս գործընկերները համագործակցության շրջանակում նախանշեցին առաջիկա անելիքները,  մասնավորապես՝  «Ուշինսկու ակումբ»-ի գործունեությունը, գիտապրակտիկ ֆորումի, միջազգային կոնֆերանսի կազմակերպում և կրթության ոլորտում համատեղ այլ ծրագրերի իրագործում։

Կողմերը հույս հայտնեցին, որ երկու բուհերի միջև շարունակվող համագործակցությունը կլինի երկուստեք արդյունավետ։