ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին համագործակցության հնարավորություններ
10.06.2019
Քննարկվեցին համագործակցության հնարավորություններ

Այսօր Մանկավարժական համալսարանում էր Ռումինիայի Քենտեմիր համալսարանի նախագահ Ալեքսանդրու-Բոգդան Մուրգուն:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրեց իրենց համալսարանը և ընդգծեց, որ իրենք պատրաստ են համագործակցության համար:

Ի դեպ, «Cantemir» համալսարանը միակն է Ռումինիայում, որը հավաստագիր է ստացել Գերմանիայի առողջապահության եւ սոցիալական գիտությունների ակադեմիայի (AHPGS - Agentur im Bereich Gesundheit und Soziales) կողմից և բարձր գնահատականի արժանացել որակյալ կրթության համար:

Ռուբեն Միրզախանյանը, ներկայացնելով բուհի գործունեությունը, միջազգային համագործակցության հաջող փորձը, կարևորեց տարբեր ուղղություններով համալսարանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Ռեկտորը ռումինացի գործընկերոջից հետաքրքվեց ղեկավարած բուհի հետազոտական ձեռքբերումներով, միջազգային գիտաչափական ամսագրերում տպագրվելու փորձով:

Քենտեմիր համալսարանի նախագահ Ալեքսանդրու-Բոգդան Մուրգուն ներկայացրեց համագործակցության շրջանակում զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև աղի լճեր այցելելու, հետազոտելու մի քանի հաջողված փորձ:

Բուհերի ռեկտորները հույս հայտնեցին, որ համապատասխան ստորաբաժանումների համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործընկերության հստակ հնարավորություններ և ուղիներ:

Նշենք, որ Ռումինիայի Քենտեմիր համալսարանի նախագահ Ալեքսանդրու-Բոգդան Մուրգուն բուհում էր ՀՊՄՀ-ի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խոեցյանի և նույն ամբիոնի դոցենտ Մարինե Մաթոսյանի՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում «EUROGEO» գիտաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: