ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին հայ-չինական նախագծի հետագա անելիքները
27.02.2019
Քննարկվեցին հայ-չինական նախագծի հետագա անելիքները

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հյուրընկալեց չինական «Գոումեն» արտադրողականության խթանման կենտրոնի ղեկավար Խե Յու Րոնգին, Կրթական գծով պատասխանատու Ճաո Ջունին, կազմակերպության այլ ներկայացուցիչների և «Հայ-չինական բարեկամություն» ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Հարությունյանին:

Հանդիպմանը չինացի հյուրերը վստահեցրին, որ պատրաստ են աջակցել բուհի ղեկավարության հետ նախորդ հանդիպումներում նախանշած պայմանավորվածություններում, մասնավորապես՝ մանրամասն ծանոթանալ բուհի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծին և դրանից բխող հետագա անելիքներին:

Նրանք վստահեցրին, որ «Հայ-չինական բարեկամություն» ասոցիացիայի հետ համագործակցությամբ պատրաստ են քննարկել հետագա անելիքները՝ ի նպաստ երկու ժողովուրդների մշակութային երկխոսության, և Մանկավարժական համալսարանի ղեկավարության հետ քննարկեցին այլ մանրամասներ ևս:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալվելու համար և նշեց, որ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ պարբերաբար քննարկում են բուհի հետ բազմակողմանի հարաբերությունների հաստատման ուղղությամբ անելիքները:

Անդրադառնալով առաջիկա ծրագրին՝ ռեկտորն ընդգծեց, որ վերակառուցման ենթակա մասնաշենքը տրամադրվելու է Գեղարվեստական կրթության ֆակուլտետին՝ նկարչության և երաժշտության ապագա ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով կիրառել ժամանակակից տեխնիկական միջոցները և կատարելագործել կիրառական արվեստի տարբեր ուղղությունները:

Չինացի հյուրերը ցանկություն հայտնեցին առավել մանրամասն ծանոթանալ ներկայացված նախագծերին, հաշվի առնել բուհի հնարավորություններն ու ներուժը, ինչպես նաև գնահատել ռիսկերը՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

«Գոումեն» արտադրողականության խթանման կենտրոնի ղեկավար Խե Յու Րոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հույս հայտնեց, որ կկարողանան աջակցել ինչպես քննարկվող ծրագրին, այնպես էլ նոր նախագծերի իրականացմանը: