«Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Մազմանյանը թողել է հարուստ ժառանգություն՝ մենագրություններ, բուհական դասագրքեր ու ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Կարևոր արժեք ունեն նաև Մազմանյանի հայ հոգեբանական պատմագրական գործերը, որոնցում հեղինակը բացահայտում է, որ հայ հոգեբանական միտքը խթանել է նրա առաջընթացը, ոգի է տվել հայ առաջադիմական շարժումներին ու պայքարին, նպաստել ինքնաճանաչմանն ու ինքնահաստատմանը»,- այսօր Մանկավարժական համալսարանում կայացած «Հոգեբանության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով հանրապետական գիտաժողովին նշեց Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Լաչինյանը։
Գիտաժողովը նվիրված էր ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Մկրտիչ Մազմանյանի ծննդյան 115-ամյակին։ Ականավոր գիտանականը ղեկավարել է Մանկավարժական ինստիտուտի Հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետն ու իր իսկ հիմնադրած Հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան։
Բանախոսը նշեց՝ մեծ էին հոգեբանի գիտական որոնումների շրջանակները․ նրա գիտական ժառանգությունը՝ շուրջ հարյուր աշխատություն՝ հոեգեբանության պատմագրության, արվեստի ստեղծագործության, անգիտակցականի հոգեբանության բնագավառների վերաբերյալ։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ձեռնարկին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, Վ. Բրյուսովի անվան պետական, Վանաձորի պետական համալսարանների, ՀՀ ՆԳՆ ՃԿՊԱ-ի ներկայացուցիչներ։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ գիտաժողովի խորագիրը վկայում է այն սուր մարտահրավերների մասին, որոնք առկա են հոգեբանական գիտակարգում։
Այդ համատեքստում ռեկտորն անդրադարձավ ակադեմիկոս, ոլորտի եզակի մասնագետ Մկրտիչ Մազմանյանի գործունեությանը, մասնագիտական ձեռքբերումներին, գիտական ստեղծագործական ժառանգությանը, վեր հանած հիմնախնդիրներին, Մանկավարժականում նրա հիմնած լաբորատորիային և թողած հետագծին։
Ռեկտորը հույս հայտնեց, որ ոլորտում առկա հիմնախնդիրները կլուծվեն նաև բուհում պատրաստվող երիտասարդ մասնագետների օգնությամբ․ նա հորդորեց ակտիվ երկխոսության ծավալել՝ հասկանալու նոր սերնդի հոգեկանի փոփոխություններն ու պատճառները, ուղիներ փնտրել երևույթների խորքը հասկանալու և մասնագիտական բացթողումները լրացնելու միջոցով ճիշտ եզրահանգումներ անելու համար։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանի հաստիքի պարտադիր առկայությունը ռեկտորը պայմանավորեց ապագա հոգեբանների հավասարակշռված ու հստակ գործունեության անհրաժեշտությամբ, ինչպես նաև հոգեբանական տիրույթի անընդհատ ուսումնասիրությամբ, որտեղ ժամանակի կարկառուն հոգեբանները մեծ ժառանգություն են թողել։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց գիտաժողովի կազմակերպման նախաձեռնությունն ու վստահեցրեց ՝ գիտաժողովում կլինեն արդյունավետ քննարկումներ, որոնք կնպաստեն ուսանողների հետագա մասնագիտական գործունեության կազմակերպմանը։
Գիտաժողովում անդրադարձ եղավ նաև Խորհրդային Հայաստանում հայ հոգեբանական մտքի զարգացմանը․ պրոֆեսոր Կամո Վարդանյանը ներկայացրեց այդ շրջանի ճանաչված և ընդունված հոգեբան-գիտնականներին, գիտական ավանդույթներին, հոգեբանության բնագավառում կատարած արժեքավոր ուսումնասիրություններին։
Բանախոսն ընդգծեց՝ Խորհրդային Հայաստանում այդ ժամանակահատվածը խիստ արդյունավետ էր հոգեբանական մտքի կայացման և զարգացման առումով․«Այն արդի հոգեբանական գիտության համար հանդես եկավ որպես ամուր հիմնաքար՝ ապահովելով ապագա հոգեբանական գիտության կայուն, մուլտիդիսցիպլինար և ինտեգրատիվ զարգացումը»։
Գիտաժողովում զեկույցներ եղան նաև Հայաստանում իրավաբանական, սոցիալական հոգեբանության կայացմանը, տրանսցենդենտալ հոգեբանութան ձևավորման, երաժշտաթերապիայում երգերի հոգեպարար ազդեցության, հայ հոգեբանական, ռազմական, գիտական մտքի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մասնագետների գործունեությանը։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։