Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Լեզվաբանության և ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի արդի խնդիրները» խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։
Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովն ընթացավ խառը ձևաչափով․ մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ ՌԴ առաջատար կրթական հաստատությունների՝ Մոսկվայի քաղաքային, Մոսկվայի լեզվաբանական, Մոսկվայի պետական տեխնոլոգիական, Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանների ներկայացուցիչներ, դասավանդողներ, ուսանողներ։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ողջունեց ձեռնարկի մասնակիցներին և նշեց, որ Մանկավարժականը բաց է եղել և մնում գիտության, մշակույթի, կրթության և ուսուցման ոլորտում միջազգային համագործակցության համար:
Նա ընդգծեց՝ գնահատում և կարևորում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գործընկերների փորձը։ Վստահ է՝ համալսարանական կրթության ոլորտում միայն միասնական և համակարգված աշխատանքի շնորհիվ կարող են նոր բարձունքներ նվաճել․ «Կրթական համայնքում միտում կա հասկանալու լեզվաբանության և դասավանդման մեթոդների արդի խնդիրները։ Դրանցով են նաև պայմանավորված ժամանակակից հասարակության և կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերների լուծումները։ Մեզ համար արժեքավոր են արտասահմանցի գործընկերների տեսակետները, որոնք արտացոլում են նրանց վերաբերմունքը՝ մեր երկրներում տեղի ունեցող կրթական փոփոխություններին»,- նշեց բուհի գիտական գծով պատասխանատուն՝ կարևորելով գիտաժողովին Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակության ներկայությունը։
Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը հույս հայտնեց, որ գիտական հարցերի ամենամյա քննարկումները, պրոֆեսիոնալ երկխոսությունը թույլ կտան լուծել առկա խնդիրները, ոլորտում ունենալ նոր ձեռքբերումներ։
Պրոֆեսոր Դալյանը նկատում է՝ ժամանակակից հասարակարգում բոլոր ոլորտներում տեղի են ունենում արագացված գլոբալ գորընթացներ, որոնք իրենց հերթին փոխազդում են կրթությանը, գիտությանը, մշակույթին։ Համալասարանն, ըստ նրա, այդ գործընթացում առաջնային օղակ է, որով էլ պայմանավորված են առկա փոխակերպումները»։
Նաիրա Դալյանը կարծում է, որ ժամանակակից մանկավարժական գիտության զարգացման համար միայն դասավանդվող առարկայի իմացությունը բավարար չէ, անհրաժեշտ են նաև մի շարք հմտություններ, որոնք կնպաստեն մանկավարժական գործունեության որակական բարձրացմանը։
Ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՊՄՀ դոցենտ Լիլիա Բալասանյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ուղերձը։
Ուղերձում մասնավորապես ներկայացված էր ռուսերենի հանրահռչակմանը միտված կառույցի լայնամասշտաբ գործունեությունը, Հայաստանում ռուսերենի ունեցած կարևոր դերակատարումը, մեր երկրում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի հնամյա պատմությունը, Մակավարժականի հետ գործընկերության կարևորությունը․«Ներկայիս ժամանակներում, ինչպես մյուս լեզուները, ռուսերենը ևս կարիք ունի ոչ միայն զարգացման, այլև «պաշտպանության»։ Միայն ռուսաց լեզուն դասավանդողների շնորհիվ հնարավոր կլինի աշակերտներին, հայ ուսանողներին սովորեցնել ռուսերեն, ռուս գրականությունը։ Ձեզնով է մեծամասամբ պայմանավորված կսիրե՞ն նրանք ռուսերենը, այնպես, ինչպես դուք եք սիրում։ Միայն դուք կարող եք պահպանել ռուսաց լեզուն ձեր բազմատաղանդ երկրում»։
Լիլիա Բալասանյանը ներկայացրեց նաև իր ղեկավարած կառույցի գործունեությունը, խոսեց ռուսաց լեզվի դասավանդման խնդիրներից՝ անթույլատրելի համարելով ժամանանակակից լեզվաբանության ներկայիս դանդաղումը։ Դոցենտ Բալասանյանը կարծում է, որ ժամանակն է խոսել ոչ թե գիտելիքից, այլ դասավանդողի հմտություններից։
«Այսօր ամբողջ աշխարհում ընթացող հասարակությունների ինտեգրացիայի գործընթացի ֆոնին արդիական է դառնում տարբեր ժողովուրդների մշակույթների և ավանդույթների ակտիվ ընկալումը: Ցանկացած նոր մշակույթի ճանաչում սկսվում է տվյալ լեզվի հետ ծանոթանալուց: Ռուսաց լեզուն ռուս մշակույթի առանցքային բաղկացուցիչ մասն է, իսկ այդ լեզվի ուսումնասիրումը՝ Ռուսաստանի հետ ծանոթության կարևորագույն մաս»,-գիտաժողովի կարևորությունն ընդգծելով՝ իր ուղերձում նշեց Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Նա հավելեց, որ ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի միջոցով առկա մարտահրավերների հաղթահարումը մեծամասամբ կապված է ուսումնական ծրագրերի, մանկավարժների մասնագիտական որակների, ինչպես նաև դասավանդման մեթոդների հետ:
Վահրամ Կարապետյանը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները որոշակի ավանդ կունենան արդի գիտական խնդիրների լուծման գործում, իսկ առկա մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ռուսագետների մասնագիտական կարծիքները որոշիչ դեր կունենան։
«Լեզվաբանության և ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի արդի խնդիրները» խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովում ներկայացվեց նույնանուն ժողովածուն։
Մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան անգլալեզու լսարանում ռուսերենի դասավանդման մի շարք առանձնահատկություններին, Ժամանակակից աշխարհում միջմշակութային հաղորդակցման հոգեբանական խոչընդոտներին, անձի ինքնակրթությանն ու կրթական տեխնոլոգիաներին և այլն։
Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։