Մանկավարժական համալսարանում կայացավ «Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային ամենամյա գիտաժողովի բացումը։
Հոկտեմբերի 5-7-ն անցկացվող 11-րդ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Գիտության կոմիտեի, ՀՊՄՀ-ի, Պերմի պետական, Սարատովի Ն. Չեռնիշևսկու անվան պետական ազգային հետազոտական, Պենզայի Վ․Գ Բելինսկու անվան պետական համալսարանի և Սոլիկամսկի պետական մանկավարժական ինստիտուտների հետ համատեղ:
Գիտաժողովին մասնակցում են մի շարք բուհերի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ այս տարի ևս գիտաժողովում առաջադրված խնդիրների լուծումները կլինեն արդյունավետ․ մաթեմատիկական կրթության և ԲՏՃՄ մասնագիտությունների հիմնախնդիրները մշտապես ամենահրատապն են և արդիականը, իսկ դրանց բարելավումը՝ առաջնահերթ ամբողջ աշխարհում։
Ռեկտոր Գևորգյանը գիտաժողովը կարևորեց դասավանդվող մեթոդիկայի հիմնախնդիրների վերհանման, մաթեմատիկական կրթության միջոցով մարդու՝ մի շարք որակների զարգացման, ինչպես նաև ուսանողների մասնակցության տեսանկյունից՝ ընդգծելով, որ վաղվա դպրոցում այս առարկայի ներկայացուցիչներն են տալու մի շարք հարցերի լուծումներ։
«Նման գիտաժողովներն ու հարթակաները կարևոր են ուսուցչական համայնքի համար եթե ոչ կոնկրետ լուծումներ տալու, ապա առանձնացնելու և ձևակերպելու խնդիրների հրատապությունը, որոնց շնորհիվ կրթության տարբեր աստիճաններում հնարավոր կլինի ապահովել ցանկալի որակ։ Դա է պահանջում նաև մեր երկրի ներկայիս իրավիճակն ու անվտանգային խնդիրները»,-նշեց Սրբուհի Գևորգյանը։
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը փոփոխվող աշխարհում առաջնային է համարում կրթության խնդիրների կարևորումը․ գիտաժողովը դիտարկում հարթակ՝ հասկանալու, թե արդյո՞ք համարժեք են արձագանքում այդ փոփոխություններին։
Պրոֆեսորը ցավով է նկատում՝ ի տարբերություն արտասահմանյան գործընկերների, այլ է ուսանողների հետ տարվող աշխատանքը, մասնագիտական, մեթոդական հարցերն ու դրանց տրվող արձագանքը ևս հաջողվածներից չէ։
Համլետ Միքայելյանը կարևորեց ապագա և գործող ուսուցիչների համատեղ քննարկումները, վերջիններիս ակտիվ մասնակցությունն ամենամյա գիտաժողովին՝ ընդգծելով՝ Մանկավարժականի դեպքում հատկապես դպրոց-բուհ կապը պետք է ամուր լինի բոլոր մասնագիտությունների գծով։
Պրոֆեսորը ներկայացրեց «Դասագրքերի բնութագրիչների չափելիության խնդիրը և դրա ուսուցչական ընկալման մի փորձի մասին» թեման։
Դասագրքերի հեղինակը նկատում է՝ հանրակրթական դպրոցի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը դասագրքաստեղծման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է, իսկ որակյալ դասագրքերի ստեղծման խնդրի լուծումը մեծապես պայմանավորված է դրանց գնահատման արդյունավետ չափանիշների առկայությամբ և ճիշտ գործադրմամբ։
Պրոֆեսոր Միքայելյանն անդրադարձավ դասագրքի բնութագրիչների չափելիության աստիճանին, գնահատմանը՝ ընդգծելով՝ անպատրաստ ուսուցիչը նույնիսկ չափելիության խնդիրը ճիշտ չի ընկալում և մեկնաբանում է յուրովի։
«Առաջադեմ գաղափարները հին համակարգում տապալվում են» թեմայով հանդես եկավ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մանուկ Մկրտչյանը՝ հենց սկզբից հորդորելով չնեղանալ ելույթի բովանդակությունից։
Իսկ ելույթում նա անդրադարձավ ՀՀ-ում պարբերաբար մշակվող և հաստատվող պետական հանրակրթական չափորոշիչներին, կրթության զարգացման ծրագրերին, և ցավով նկատեց, որ չնայած իրականացվող բարեփոխումներին՝ դրանք չեն ապահովում ցանկալի արդյունք և չեն նպաստում կրթության որակի բարելավմանը։
Պրոֆեսոր Մկրտչյանը խոսեց նաև մաթեմատիկական առարկաների կրթական և հանրակրթական նշանակության, ուսուցման համակարգի հիմնական բաղադրիչի՝ ուսուցման գործընթացի մասին։
Նա կարծում է, որ ներկայիս մանկավարժական հանրույթը ոչ միայն մանկավարժական աշխարհայացքով և ոչ այնքան մանկավարժական արժեքային համակարգով, այլ, նախ և առաջ, իր մանկավարժական աշխարհընկալմամբ խիստ կաղապարված է ուսուցման կազմակերպման ներկայիս համակարգի իրողությամբ։
Գիտաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան մաթեմատիկական կրթության մի շարք հարցերի։
«Մաթեմատիկական կրթություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը: