Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Մաթեմատիկական կրթություն-10» միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին կրթության ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը գիտաժողովը կրկնակի կարևորեց 100-ամյա բուհի պատմության մեջ, ընդգծելով, որ այս տարիների ընթացքում կառույցը կրթել ու դաստիարակել է ամենակարևոր մասնագետին՝ ուսուցչին, որը սերունդներին է փոխանցել կրթական և մշակութային կարևորագույն ժառանգություն։
Համլետ Միքայելյանը գիտաժողովի հիմնական առանցքը դիտարկեց որպես քաղաքակրթության կարևոր բաղկացուցիչ՝ վստահեցնելով, որ զեկուցումներում չի ներկայացվելու «չոր» մաթեմատիկան, այլ գիտությունն՝ իր ողջ ներկապնակով։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց արդեն ավանդական դարձած գիտաժողովի անցկացումը՝ նկատելով, որ բուհը մշտապես հավատարիմ է եղել իր առաքելությանը՝ ուսուցչի պատրաստման, սերունդներ կրթելու, գիտելիք փոխանցելու, պրակտիկ արժեքներ վավերացնելու և ժամանակակից քաղաքացու արժեբանության ձևավորման գործում։
Այդ համատեքստում նա կարևորեց գիտությունների գիտության՝ մաթեմատիկական կրթության դերը ոչ միայն տրամաբանության ձևավորման և զարգացան, այլև սովորող-սովորեցնող փոխներգործման եղանակները զարգացնելու, համագործակցելու, գեղեցիկը շեշտադրելու, դրա չափանիշները ձևավորելու և այն փոխանցելու հարցում․«Գիտաժողովը պրակտիկ ուղղվածություն ունի՝ դպրոցի, աշակերտի և ուսուցչական համայնքի մեթոդաբանական հիմքը զինելու առումով»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը։
Գիտաժողովում Նախնական մաթեմատիկական կրթության արժեբանության վերաբերյալ զեկույցը Ռուսաստանի գիտությունների, Ռուսաստանի կրթության ակադեմիաների ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովինն էր։
Անվանի գիտնականն անդրադարձավ այսօրվա ուսուցչի առջև ծառացած հիմնախնդիրներին, աշխարհում կրթական պրոդուկտի արժեքին, արժեքը՝ որպես սովորելու մոտիվացիա դիտարկմանը, ինչպես նաև ուսուցիչ-աշակերտ «համատեղ սովորելու» կարևորությանը։
Անկախ հայտնագործություն և գյուտ, խնդիրների լուծում, որոնք «չգիտեմ ինչպես լուծել», որոնք «չենք անցել»․ պրոֆեսոր Սեմյոնովը նկատում է՝մաթեմատիկան ամենաբնական ոլորտն է նման կրթության համար, և հենց դա է նրա արժեքը՝ որպես ժամանակակից աշխարհի դպրոցական առարկա։
«Հանրակրթության հիմնախնդիրները սոցիալ-մշակութային իրողության ժամանակակից երևույթների համատեքստում» թեման ներկայացրեց Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մանուկ Մկրտչյանը։
Բանախոսը նախ անդրադարձավ ժամանակակից սոցալ-մշակութային իրողություններին, ապա ներկայացրեց հանրակրթության հիմնախնդիրները։
Պրոֆեսոր Համլետ Միքայելյանը գիտաժողովում ներկայացրեց «Հոգեբանական անվտանգության հիմնախնդիրը մաթեմատիակական կրթության արժեկողմնորոշիչ ուսուցման և ինֆորմատիզացիայի պայմաններում» թեման։
Նա խոսեց 4 հիմնարար կատեգորիայի մասին՝ հոգեբանական անվտանգություն, արժեքը կամ արժեկողմնորոշիչ ուսուցում, թվայնացում կամ ինֆորմատիզացիա, մաթեմատիկայի ուսուցման գործընթաց։
Անդրադառնալով ուսուցման գործընթացում ներառականությանը՝ Համլետ Միքայելյանը ցավով նկատեց՝ մաթեմատիայի ուսուցման գործընթացը մասնավոր ներառականության տեսանկյունից մեծ ներուժ չունի, անգամ մասնագետները դասից դուրս չեն խոսում մաթեմատիկական նյութի մասին։
Պրոֆեսորը լուրջ խնդիր համարեց նաև այն, որ չի կարևորվում՝ ինչպես սովորել մաթեմատիկա և կարդալ առարկայի դասագիրքը։
Նա կարևորեց, որ ուսումնական գործընթացում աշակերտն ինքը նոր բան առաջարկի կամ ուսուցչի հետ միասին հայտնաբերի որևէ նորույթ.«Ուսուցման գործընթացի նպատակը սովորելն է, որին հասնելու համար պետք է իրագործել «սովորել սովորել» մանկավարժական հանրահայտ սկզբունքը»,-հավելեց բանախոսը։
«Մաթեմատիկական կրթություն-10» գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան ոլորտի մի շարք խնդիրների՝ ներկայացնելով նաև մաթեմատիկայի ուսուցիչների պատրաստման արտասահմանյան փորձը։
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։