ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին օժանդակ վերարտադրողականության խնդիրները
01.04.2016
Քննարկվեցին օժանդակ վերարտադրողականության խնդիրները

«Երեխան ընտանիքի երջանկությունն է. նրանց բացակայության դեպքում ընտանիքում առկա են հոգեբանական բազմաթիվ տրավմատիկ երևույթներ»,-նշեց հոգեբանական գիտությունների դոկտոր, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում կազմակերպված դասախոսության ժամանակ:

Վերջինիս հրավերով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, եղանակների մասին դասախոսությամբ հանդես եկավ սաղմնաբան-գենետիկ Ինեսա Կարապետյանը:

Բանախոսը խոսեց արհեստական և արտամարմնային բեղմնավորում հասկացությունների տարբերությունների, դրանց իրականացման ընթացքի մասին՝ տեսական գիտելիքները համադրելով պատկերային ներկայացումներով:

Փորձառու, արտասահմանյան բազմաթիվ վերապատրաստումներ անցած սաղմնաբան-գենետիկ Ինեսա Կարապետյանն անդրադարձավ նաև արտամարմնային բեղմնավորման հայաստանյան հնարավորություններին, առկա տեխնոլոգիաներին և ցուցանիշներին՝ վստահեցնելով, որ մեր երկրում կան դրանով զբաղվող բարձրակարգ կենտրոններ:

Ինեսա Կարապետյանն վստահեցրեց՝ չնայած գիտության ամենատարբեր նվաճումներին, բնությունն ամենազոր է:

Կամո Վարդանյանը կարևորեց նման դասախոսությունների անցկացումը, քանի որ այդպիսով ուսանողները գիտական վերջին նորույթներին ծանոթանում են անձամբ պրակտիկ մասնագետներից:

«Հասարակության լայն շրջանակներում բազմիցս քննարկվում են մայրանալու հիմնախնդիրները, սակայն դրա մասին մարդիկ չունեն նույնիսկ բավարար գիտելիքներ. շատերի մոտ խեղաթյուրվում են երեխա ունենալու հոգեբանական բազում կողմեր՝ առաջ բերելով առավել դժվար իրադրություններ»,-վստահեցրեց հոգեբանական գիտությունների դոկտորն ու ցանկություն հայտնեց, որ կենսաբանները կկարողանան մագիստրոսական թեզի պրակտիկ մասն անցկացնել վերարտադրողական կենտրոններում ևս:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալվելու, գիտելիքներով, մասնագիտական փորձով կիսվելու համար և դիմելով ուսանողներին՝ հորդորեց. «Որպես ապագա մայրեր՝ վստահ եղեք, որ բնությունն ամենակարող է, իսկ որպես կենսաբաններ՝ եղեք առավել տեղեկացված գիտության նվաճումներին, որոնք ևս ունակ են փոխելու մարդկային ճակատագրեր»: