ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին պատմագիտության ոլորտի մասնագետներ, ուսուցիչներ, ուսանողներ:
Գիտական ձեռնարկի շրջանակներում մասնագիտական հանրույթը զեկուցումների և հարցուպատասխանի ձևաչափով հնարավորություն ստացավ քննարկելու բուհում և հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման հայեցակարգային արդի հիմնախնդիրները, անդրադառնալու պատմության դասավանդման ընթացքում ազգային և քաղաքացիական դաստիարակության հարցերին, թվային կրթությանն ու պատմության դասավանդմանը վերաբերող այլ հարցերի։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նկատեց․«Ուրախալի է, որ բուհը արդեն մեկ տարի կոնկրետ հարցեր է առաջադրում՝ ինչպե՞ս ենք սովորեցնում, որո՞նք են այն նոր մեթոդներն ու մոտեցումները, որ պետք է ապահովեն ուսանող-աշակերտ փոխներգործությունն ու արդյունավետ կապը։ Մանկավարժականն արդեն կազմակերպել է այս հարցերի վերաբերյալ մի քանի մասնագիտական ձեռնարկ․ պատմագիտության ոլորտի մասնագետները ևս այդ ձևաչափով հնարավորություն ունեն անդրադառնալու այդ հիմնախնդիրներին, որովհետև առաջիկայում բազմաթիվ մարտահրավերներ կան»,-նշեց ռեկտոր Գևորգյանն ու կարևորեց գիտաժողովին ուսուցիչների և ուսանողների մասնակցությունը, ինչը կնպաստի բացահայտել ընկալումների հոմոգենությունը։
Սրբուհի Գևորգյանը հորդորեց գիտական շրջանակներում քննարկել և առանձնացնել ներկայիս կարևորագույն հարցերը, նախանշել լուծումներին մոտենալու ուղիներ՝ կապված հիմնախդիրների դասավանդման մեթոդիկայի հետ։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ափսոսանքով է նկատում՝ պատմության դասավանդման մեթոդիկայի խնդիրներին նվիրված գիտաժողով առաջին անգամ է կազմակերպվում․ «Սա լուրջ բացթողում է։ Ժամանակն է, որ ակադեմիական, գիտական տիրույթից մոտենանք դեպի մեթոդիկա, ավելի ճիշտ՝ զուգորդենք, համատեղենք։ Հակառակ դեպքում կողմերից մեկը տուժելու է․ առանց մեթոդիկայի հնարավոր չէ գիտություն և միայն գիտությամբ հնարավոր չէ մոտենալ դպրոցին։ Մեր առաքելությունն է լինել հենց այդ խաչմերուկում և մեկտեղել։ Պետք է հավակնենք, որ մեր խոսքը լինի կողմնորոշիչ և վճռորոշ»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու կարևորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, պատմագիտական շրջանակների կարծիքը ներկայիս բուռն քննարկվող հարցերում, մասնավորապես՝ դպրոց-դասագիրք-չափորոշիչներ տիրույթում։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկույցում անդրադարձավ հայոց պատմության նոր և նորագույն պատմության շրջանների վերաիմաստավորմանը՝ արդիականության տեսանկյունից։
Նա այն կարծիքին է, որ հայոց արդիականության դարաշրջանը պետք է սկսել 16-րդ դարից՝ եկեղեցական ժողովից, որով սկիզբ դրվեց հայոց պետականության համար պայքարին և սկիզբ առավ հայոց պետականության վերականգնման միտքը։ Այդ գործում նա կարևորեց նաև Իսրայել Օրու դերը՝ ինքնուրույն պայքարի գաղափարը առաջ քաշելու տեսանկյունից։
Հայոց պետականության արդիականության համատեքստում Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև արևմտահայերի սահմանադրության ընդունմանն ու կիրառմանը, 1862 թվականի Զեյթունի ինքնապաշտպանությանը, ինչպես նաև 1918 թվականին պետականության վերականգնմանն ու հատկապես խորհրդային ժամանակներին՝ իբրև պետականության արդիականացման կարևոր ժամանակաշրջանի։ Ակադեմիկոսն առաջարկում է պատմության մեջ ներառել «ժամանակակից պատմություն» եզրույթը, որը տարածված է եվրոպական և արևմտյան պատմագիտական հանրույթում․ «Դա այն է, ինչ տեղի է ունենում ժամանակակիցների աչքի առջև։ 1991 թվականի հայոց պատմության արդիականությունը մտնում է ժամանակակից պատմության փուլ․ սա այն հիմնական կաղապարն է, որ ես մեկնաբանում եմ պատմության նոր ժամանակաշրջանը»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
«Պատմության դասավանդման անհրաժեշտության հարցի շուրջ կամ ինչու՞ դասավանդել պատմություն» թեման գիտաժողվում ներկայացրեց Համաշխարհային պատմության և նրա դասավանդաման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
Պրոֆեսորը ցավով է նկատում ՝ վերջին տարիներին նվազել է պատմություն սովորելու մոտիվացիան։ Ըստ բանախոսի՝ դրա համար կա մի քանի պատճառ՝ երիտասարդների շրջանում արժեքային առաջնահերթությունների փոփոխություն, տեղեկատվական հեղափոխության համատեքստում հասարակության մեջ պատմական գիտության հեղինակության նվազում, զանգվածային գիտակցության մեջ պատմության վերաբերյալ ոչ գիտական գաղափարների ու տեսակետների տարածում և այլն։
Խաչատուր Ստեփանյանը համարում է, որ պատմության դասավադումը սերտորեն կապված է դպրոցականների անհատականության ձևավորման և մի շարք որակների հետ, բացի այդ, պատմության դասավանդումն առաջին պլան է մղում պետական ավանդույթները հայրենասիրական արժեքներն ու ազգային բացառիկությունը․«Պատմությունը մեզ ճանաչելու հնարավորություն է։ Այն օգնում է կանխել նախորդ սերունդների սխալները։ Դրա դասավանդումն անհրաժեշտ է պատմական փորձի օգտագործման տեսանկյունից, ժամանակակիցներին հասկանալու համար։ Պատմության իմացությամբ է հնարավոր հասկանալ, թե ինչպես են արտացոլվել համաշխարհային իրադաձությունները մարդկանց կյանքում և այլն։ Եթե խոսելու լինենք մանկավարժության լեզվով՝ պատմության դասավանդումն անհրաժեշտ է նաև դպրոցականների շրջանում մի շարք խնդիրներ լուծելու առումով»,-նշեց նա։
Խաչատուր Ստեփանյանը կարծում է, որ պատմության դասավանդումը պետք է բարեփոխվի նաև մեթոդաբանական, բովանդակային առումով․ հայ մարդու ազգային ինքնության պահպանման առաքելությունն ու ՀՀ պատվախնդիր քաղաքացի ունենալու անհրաժեշտությունն է ստիպում նաև։
Գիտաժողովում քննարկվեցին պատմական մտածողության զարգացման մոտեցումների և դրանց կիրառման մոդելների, պատմության դասավանդման մեթոդիայի տեխնոլոգիականացման արդյունքում առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների, պատմության դասավանդման ընթացքում սովորողների ինքնուրույն ճանաչողական գործունեության կազմակերպման վերաբերյալ հարցեր և այլն։
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև բուհի և Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ անցկացված՝ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։
Էդգար Հովհաննիսյանը կարևորեց այդ կառույցի հետ համագործակցությունը, ինչպես նաև գրքի հրատարակումը․ հայ քաղաքական և հասարակական մտքի ակունքները բյուրեղանում են հենց այդ շրջանում։
Էդգար Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ հոդվածների ժողովածուն հնարավորություն կտա ուսումնասիրել պատմական ակունքները, կատարել հետևություններ՝ ներքին և արտաքին մարտահրավերները ճկուն և արդյունավետ հաղթահարելու տեսանկյունից։