Մանկավարժական համալսարանում կայացավ «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը։ Ձեռնարկը կազմակերպել էին ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն ու ֆակուլտետում գործող Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման խնդիրները հետազոտող գիտական կենտրոնը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ողջույնի իր խոսքում կարևորեց գիտաժողովի գործնական բաղադրիչը՝ ընդգծելով, որ Մանկավարժական մայր բուհը նախևառաջ ուսուցիչներ պատրաստող կառույց է, որի խնդիրը դպրոցն է, կրթությունն ու դասավադման արդյունավետության բարձրացումը։ Ըստ նրա, տասնամյակներ շարունակ ֆակուլտետում ամուր հիմքերի վրա էր տեսական բաղադրիչը, այսօր փորձ է արվում հավասարակշռել մեթոդական մասը, ինչին էլ միտված է նորաստեղծ կենտրոնի գործունեությունը։
Ֆակուլտետի գիտական գործունեությունը կարևորեց, իսկ գիտաժողովը դասավանդման մեթոդիկայի հետ կապված խնդիրները վերհանելու տեսանկյունից արժևորեց բուհի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը։ Նրա դիտարկմամբ՝ ձեռնարկն ունի ոչ միայն ուսուցողական, այլև ռազմավարական նշանակություն․ կարող է նպաստել ինչպես պատմության դասավանդման հետ կապված հարցերի քննարկմանը, այնպես էլ՝ սովորողների մոտիվացիայի բարձրացմանը, պատմության վերաարժևորմանը։
«Ինչո՞ւ սովորել համաշխարհային պատմություն» թեմայով զեկույցով մեկնարկեց գիտական առաջին նստաշրջանը։ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը նկատում է ՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող հարցադրումն ունի խորքային խնդիր։ Նրա կարծիքով՝ համաշխարհային պատմության իմացությունն ազգային անցյալն առավել խորությամբ, համակարգային վերլուծելու, հասկանալու և բացատրելու հնարավորություն է տալիս։ Բացի այդ, համաշխարհային պատմությունն առաջարկում է աշխարհի և ժամանակի ընթացքում դրա զարգացման ամենախորը և հարուստ ըմբռնումը, կարևոր ներուժ է ժամանակակից աշխարհի առջև ծառացած հիմնարար խնդիրների վերաբերյալ սեփական դատողությունն ու իմաստությունը դրսևորելու տեսանկյունից։
ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Հարություն Պապոյանը սովորողների մոտ տարածապատկերային մտածողության զարգացման, փաստերի, երևույթների, գործընթացների, պատճառահետևանքային կապերի ճշգրիտ ընկալման, նյութի յուրացման և եզրահանգում կատարելու տեսանկյունից կարևորեց պատմական քարտեզները։
Էկրանային տեղեկատվության դերն էլ պատմության դասագործընթացում ընդգծեց նույն ամբիոնի դոցենտ Միքայել Մարտիրոսյանը։ Բանախոսը վստահ է՝ միայն դասավանդման մեթոդների բազմազանությունը կարող է բավարարել պատմության դասավանդման արդյունավետությանը, իսկ պատմական նյութերը տեսողականացման միջոցով կնպաստի ուսումնառության իմացական և ճանաչողական կողմերին, կխորացնի նրանց գիտելքիները, կնպաստի ստեղծագործականությանն ու գեղարվեստական ճաշակի բարձրացմանը։
Գիտաժողովում ներկայացվեցին նաև պատմության դասավանդման մեթոդիկայի ձևավորման և զարգացման հիմնական փուլերը։ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արման Մարտիրոսյանն ընդգծեց՝ մեզանում պատմության դասավանդման մեթոդիկան ստանում է նոր՝ պատմության դասավանդման արդի մեթոդներ և տեխնոլոգիաներ ձևակերպումը․ այդ առումով փոխվում են նաև դասավանդման գործընթացի նպատակային կողմնորոշիչները։ Բանախոսի կարծիքով՝ պատմության դասավանդման խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հայրենական փորձի, այլև համաշխարհային նվաճումների հիման վրա։
Հայոց պատմության դասագործընթացում «Հայկական բարձրավանդակ» եզրույթի պատմա-աշխարհագրական առանձնահատկություններին և գիտաքաղաքական կարևորությանն անդրադարձավ ՀՊՄՀ hայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Ավետիս Հարությունյանն ու մեկ անգամ ևս ընդգծեց դրա կիրառման կենսական առաջնահերթությունը հայոց պատմության դպրոցական և բուհական դասագրքերում։
Գիտաժողովի ընթացքում զեկույցներ եղան նաև պատմության դասավանդման գործընթացում թվային կրթության և արհեստական բանականության, մասնագիտացված բուհերում «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման մարտահրավերների և հեռանկարների, պատմական աղբյուրների վերլուծության մեթոդական մոտեցումների, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում նորարությունների՝ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի օրինակով հնարավորություններով և մարտահրավերներով։
Գիտաժողովին առցանց միացան նաև Գերմանիայի Ուլմի միջազգային դպրոցի ուսուցիչ Սեդա Քոչարյանն ու ՌԴ Հարավային դաշնային համալսարանի դոցենտ Վիկտորյա Կրավեցը։ Բանախոսներն անդրադարձան պատմական աղբյուրների վերլուծության մեթոդական մոտեցումներին և պատմության դասավանդման նորարարացմանը։