ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին պրակտիկայի ոլորտի հետագա անելիքները
12.01.2018
Քննարկվեցին պրակտիկայի ոլորտի հետագա անելիքները

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հանդիպեց բուհի պրակտիկայի կենտրոն-դպրոցների տնօրեններին՝ քննարկելու հետագա անելիքները, լսելու նրանց առաջարկները:

Ռեկտորը վստահեցրեց, որ մեծ ուշադրություն է դարձվում պրակտիկային, ինչն ուղղակիորեն ազդում է ուսումնական գործընթացի վրա:

Տնօրենները խոսեցին պրակտիկայի ուժեղ և թույլ կողմերի մասին՝ բարձր գնահատելով պրակտիկայի ղեկավարների աշխատանքը և ուսանողների՝ տարեցտարի նկատվող պատրաստվածությունը:

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն առաջարկեց կրթահամալիրում հիմել Սկզբնական կրթության ֆակուլտետի ամբիոն, որն իսկական լաբորատորիա կլինի և երկուստեք փոխշահավետ:

Տնօրենները խոսեցին նաև դպրոց-բուհ համագործակցության անհրաժեշտության մասին. այցելությունների և մասնագիտական կողմնորոշման դաասընթացների միջոցով փորձ է արվում ամրապնդել նաև բուհ-աշակերտ կապը:

Դպրոցների ղեկավարներն առաջարկեցին նաև ավելացնել մանկավարժական պրակտիկայի դասաժամերը, իսկ առավել օբյեկտիվ գնահատման համար մշակել պրակտիկայի գնահատման նոր գործիքներ. «Երբեմն տեսական փայլուն գիտելիքներ ունեցող շրջանավարտը դասարան մտնելիս փաստի առաջ է կանգնում, քանի որ թերանում է գործնական տեսանկյունից»:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին համագործակցության համար և կոչ արեց միմյանց աջակցել, համագործակցել տարբեր ուղղություններով և չբավարարվել ունեցած հաջողություններով: