ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին զինվորական հոգեբանության մարտահրավերները
25.05.2022
Քննարկվեցին զինվորական հոգեբանության մարտահրավերները

««Զինվորական հոգեբանության մարտահրավերները 21-րդ դարում․ գիտություն և կյանք» հանրապետական գիտագործնական գիտաժողովը խիստը կարևոր է․ այն կենսական լուրջ նշանակություն ունի հատկապես վերջին ճգնաժամային իրադարձությունների հետ կապված։ Թեման կենսական կարևորություն ունի նաև այսօրվա մեր գոյության, տեսակը պահպանելու, ինքնությունը ներկայացնելու առումով։ Զինվորական հոգեբանությունը, լինելով սոցալական հոգեբանության մաս, արդիական է, կենսունակ, կարող է պայմանավորել մեր ապագան, էթնոհոգեբանական ճգնաժամային իրավիճակներում վերհանել էթնոսի լավագույն դրսևորումները»,- Կիրառական հոգեբանության ամբիոնի կազմակերպած գիտաժողովի բացմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Պրոֆեսոր Գևորգյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմն իր հետևանքներով բազմաթիվ խնդիրներ առաջացրեց՝ մեծամասամբ հոգեբանական։ Վերջինս ընդգծում է՝ հայրենասիրական դասերն այլևս պետք չէ փնտրել պատմության դասագրքերում․ լավագույն օրինակներն ու հերոսները մեր կողքին են։

Վերջինս բարձր գնահատեց նաև բուհի պրակտիկ հոգեբանների հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվեց պատերազմի ողջ ընթացքում և շարունակվում է մինչև օրս․«Մանկավարժական 100-ամյա բուհը մեկտեղում է այն կարևորագույն խորհուրդները, որոնք ձևավորում են արժեքային համակարգ։ Բուհն իրագործում է իր առաքելությունը՝ կրթության, ուսուցման, հայրենանվիրության, ազգային ինքնության պահպանման առումով»,- հավելեց Սրբուհի Գևորգյանը։

ՀՊՄՀ ռեկտորը հույս հայտնեց, որ գիտաժողովում կծավալվի ակտիվ քննարկում, կլինեն գործնական առաջարկներ։

Հանրապետական գիտագործնական գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԶՈւ-ի, ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների, «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ զինված բռնության միջոցների՝ քաղաքական, տեղեկատվական, հոգեբանական մեթոդների զարգացումը 21-րդ դարի աշխարհը դարձրել է առավել անապահով, փխրուն և խոցելի, քան նախորդ պատմական ժամանակաշրջանում էր։ Բանախոսն ընդգծում է՝ առաջատար ռազմական վերլուծաբանները ևս հաստատում են՝ վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է ռազմական ռիսկերի տարածվածությունը, այդ թվում՝ ՀՀ-ում։

Ֆակուլտետի դեկանը մի շարք ասպեկտներում կարևորեց ռազմական հոգեբանի դերը և պատահական չհարամեց այն, որ Մանկավարժական համալսարանն առաջինն է ընդգծել այդ մասնագիտության կարևորությունը։

Վերջինս ակնկալեց համարձակ, օբյեկտիվ դիտարկումներ և հույս հայտնեց, որ ռազմանական հոգեբանի ինստիտուտը մեր երկրում կկայանա․ վերջին պատերազմն ու դրա հետևանքներն են պահանջում։

Այն, որ ռազմական կրթությունը կարևոր տեղ է զբաղեցնում պետության անվտանգության գործում փաստում է նաև Մանկավարժականի շրջանավարտ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Գիտաուսումնական բաժանմունքի պետ Վանիկ Մելքոնյանը։

Վերջինս նկատում է՝ ՀՀ-ում ռազմական կրթության հայեցակարգի վերանայման ու ռազմակրթական նոր քաղաքականության մշակման անհրաժեշտություն կա։

ՀՀ ԶՈւ բարոյահեգաբական ապահովման վարչության ԲՀԱ բաժնի զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Սամվել Բարոյանն էլ զինծառայողների հոգեբանական պատրաստվածության և ուսուցման համատեքստում ընդգծեց ռազմական հոգեբանների վերապատրաստման դասընթացները։

Վերջինս այդ առումով կարևորեց Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցությունն ու ժամանակակից զինվորական հոգեբան պատրաստելու հստակ չափանիշների սահմանումը։

««Զինվորական հոգեբանության մարտահրավերները 21-րդ դարում․ գիտություն և կյանք» հանրապետական գիտագործնական գիտաժողովի ընթացքում բանախոսներն անդրադարձան պատերազմական սթրեսների, այդ գործողություններում և մարտական հերթապահության ընթացքում զինծառայողների հոգեբանական տրավմաների և դրանց հետևանքների առանձնահատկություններին, հետպատերազմյան շրջանում զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների յուրահատկություններին, հասարակության բարձր տագնապայնությանն ու դրա հաղթահարման ուղիներին։

Մասնակիցներն անդրադարձան նաև պատերազմից տուժած խմբերի հետ տարվող հոգեբանական աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, 44-օրյա պատերազմից հետո բնակչության դեմ ուղղված տեղակատվական պատերազմի հոգեբանական արդյունքներին, կրտսեր սաների շրջանում լիդերության դրսևորման սոցիալ-հոգեբանական առաձնահատկություններին, զինակոչիկների հոգեբանական պատրաստվածության վրա հետպատերազմյան սթրեսային ազդեցություններին և այլն։

««Զինվորական հոգեբանության մարտահրավերները 21-րդ դարում․գիտություն և կյանք» հանրապետական գիտագործնական գիտաժողովում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։

Ի դեպ, գիտաժողովի ժամանակ ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Արամ Գյուրջյանը՝ «Զեն»՝ զինված երգեր նախագիծ խմբով, կատարեց ցասումով, տոկունությամբ ու սիրով լի հայրենասիրական երգեր։