ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԴ ԿԳ նախարարը՝ ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»
25.09.2017
ՌԴ ԿԳ նախարարը՝ ՀՊՄՀ-ի «Պատվավոր դոկտոր»

«Հայ և ռուս ժողովուրդների շփման գործում ռուսերենը մեծ դեր ունի: Ներկայումս էականորեն մեծացել է ռուսաց լեզվի դերը, քանի որ այն մեծ նշանակություն ունի երկու երկրների՝ տարբեր ոլորտներում շփման և սերտ համագործակցության համար»,-նշեց ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայաստանյան այցի ընթացքում այսօր Մանկավարժական համալսարանում էր:

Երկու երկրների ԿԳ նախարարները հանդիպեցին ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ:

Ռուբեն Միրզախանյանը մեծ պատիվ համարեց Մանկավարժական համալսարան ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի այցը և բուհի Գիտական խորհրդի որոշմամբ՝ նրան շնորհեց ՀՊՀՄ-ի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ռեկտորը նշեց, որ 1948-ից համալսարանը կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը, որը ստացել է եվրոպական բարձրագույն կրթություն և համարվում է իր ժամանակի կրթյալներից մեկը:

«1839 թվականին Աբովյանը ստեղծել է ռուսաց լեզվի պրակտիկ և տեսական նոր քերականություն հայերի համար: Նա կարծում էր, որ ռուսաց լեզվի իմացությունը մեր ժողովրդի զարգացման համար կարևոր նախապայման է»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու գործընկերներին հորդորեց հավատարիմ մնալ Մեծ Լուսավորչի պատգամին:

Նախարար Օլգա Վասիլևան իր ելույթում ընդգծեց հայ և ռուս գրականությունների դարավոր կապը՝ նկատելով, որ այն հիմքն է համատեղ աշխատանքի:

«Ռուս գրողները մշտապես հետաքրքվել են հայ մշակույթով ու պատմությամբ, հիացել հայի տաղանդով: Երկու ժողովուրդների միջև կապն առաջին հերթին ամրապնդվել է գրականությամբ: Չնայած քաղաքական, տնտեսական փոփոխություններին՝ երկու ժողովուրդները շարունակում են լինել հոգևոր, բարեկամական կապի մեջ»,-նշեց նախարարն ու վստահեցրեց՝ այդ գործում մեծ դեր ունի ռուսերենը:

Նա բարձր գնահատեց Հայաստանում Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի գործունեությունը և վստահեցրեց, որ կանեն հնարավորը ուսուցիչների վերապատրաստումները Ռուսաստանում կազմակերպելու համար:

«Ռուսաց լեզվի ուսուցիչները յուրօրինակ կամուրջ են Հայաստանի և Ռուսաստանի միջև. նրանք անում են հնարավորը, որ չխաթարվի երկու երկրների միջև եղած լավագույն ավանդույթները»:

«Կրթության ոլորտի զարգացման գործում առաջնային դեր ունի մանկավարժական որակյալ կրթությունը, առանց որի հնարավոր չէ համապատասխան առաջընթաց գրանցել»,-նշեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ մեջբերելով ՌԴ ԿԳ նախարարի գործունեության առաջնահերթություները:

Պրոռեկտորը նկատեց, որ պաշտոնավարման ընթացքում Օլգա Վասիլևան մանակավարժության ոլոորտի փոփոխության կարևորագույն բաղկացուցիչներ է համարել ուսուցչին, նրա մատուցած ծառայությունն ու առաքելությունը.«Կրթության ոլորտում կարևորել եք նաև աքսիոլոգիայի և հոգեբանա-մանկավարժական ժառանգության վերաիմաստավորումը, ընդգծելով՝ պետք է վերցնել լավը և շարժվել առաջ»:

Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ռուսաց լեզուն մշտապես եղել է դպրոցներում և բուհերում դասավանդվող պարտադիր առարկա:

«Մանկավարժական համալսարանը յուրահատուկ մոտեցում ունի ռուսաց լեզվի դասավանդողների հանդեպ, քանի որ ուսուցիչների պատրաստման խոշորագույն դարբնոցն է»,-նշեց Լիլյա Բալասանյանն ու ևս մեկ անգամ շեշտեց իր ղեկավարած կառույցի արդյունավետությունը, խոսեց ուսուցիչների վերապատրաստման, դրանց շարունակական լինելու անհրաժեշտության մասին:

№198 դպրոցի ուսուցչուհի Կարինե Դավթյանն էլ ուսուցիչների անունից վստահեցրեց, որ ռուսաց լեզվի ուսուցման գործում բոլորն ունեն միևնույն նպատակը. պետք է լինել միասին:

«Ռուսերեն խոսքը միավորում է բոլորիս»,-նշեց ուսուցչուհին ու հավելեց՝ անում են ամեն ինչ, որ աշակերտները սիրեն ռուսերենը, իսկ ուսուցիչները՝ հաճույքով դասավանդեն:

Մանկավարժական համալսարան այցի ընթացքում ՌԴ ԿԳ նախարարը եղավ բուհում գործող «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսւոցման և թեստավորման կենտրոնում, հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախարարի խնդրանքով ապագա մանկավարժները ներկայացրին հայ և ռուս գրողների ստեղծագործություններ: Օլգա Վասիլևան իր հիացմունքը հայտնեց ուսանողների իմացության առթիվ և բարձր գնահատեց «Պուշկինի ինստիտուտ»ռուսաց լեզվի ուսւոցման և թեստավորման կենտրոնի գործունեությունը:

Ռուս ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը Մանկավարժականում դիմավորեցին Պարարվեստի մանկավարժության ուսանողներն ու բուհի փողային նվագախումբը: Նախարարը շրջեց նաև լսարաններում և ուսանողներին խնդրեց արտասանել ռուս դասականների ստեղծագործություններից: