ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռեկտորն ընդունեց ամերիկյան համալսարանի հայագետ Փիթեր Քաուին
16.09.2019
Ռեկտորն ընդունեց ամերիկյան համալսարանի հայագետ Փիթեր Քաուին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդունեց Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) ՅուՍիԷլԷյ համալսարանի «Նարեկացի» հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուին:

Ամերիկյան լայն ճանաչում ունեցող այս համալսարանի հայագիտության ամբիոնը՝ հայագետ, ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուիի ղեկավարությամբ, լայնամասշտաբ գործունեություն է ծավալում՝ ընդլայնելով Հայաստանի հետ գիտական ու մշակութային կապերը: Շոտլանդական ծագումով ամերիկացի Փիթեր Քաուին բավականին տեղեկացված է Հայաստանի մասին: Նրա հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում Հայաստանի պատմությանը, գիտակրթական ոլորտին, մշակույթին, լեզվին վերաբերող հարցերով: Նա խոսում է գրական փայլուն հայերենով:

Ռեկտորի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի արխիվային ֆոնդերի, դրանց ուսումնասիրման, նյութերի թվայնացման և մասնագետների պատրաստման, արևելահայերենի և արևմտահայերենի մասին հարցեր:

Ռեկտորը ներկայացրեց բուհի մասնագիտություններն ու առանձնահատկությունները՝ ասելով. «Մեր ազգային կյանքում կարևոր նշանակություն ունի հայագիտությունը, որովհետև մենք պատրաստում ենք ուսուցիչներ, նաև ընդգծեց, որ մշակութային որոշ մասնագիտությունների մենաշնորհ ունենք»: Ռ. Միրզախանյանն ասաց՝ թեև արխիվային գործ ուսումնասիրում են նաև մագիստրատուրայում, այնուամենայնիվ, դիմորդների շրջանում այդ մասնագիտության հանդեպ պահանջարկ չկա, որը պայմանավորված է ցածր աշխատավարձով:
Օտարերկրյա հայագետը հետաքրքրվեց արխիվի, թանգարանի ֆոնդերով ՝ ասելով, որ Հայաստանում գոյություն ունեն կարևոր արխիվներ և դրանց համար, այնուամենայնիվ, պետք է մասնագետներ պատրաստել:

Փիթեր Քաուին խոսեց իր գործընկերոջ մասին, որը շատ է լինում Հայաստանում և հետաքրքրված է մեր երկրի պատմության մասին արխիվային նյութերով: Նա առաջարկեց համատեղ գործունեություն: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց ֆինանսների սղությունը. հյուրը վստահեցրեց, որ ֆինանսական աղբյուրներ, շահագրգիռ հիմնադրամներ կգտնեն, որպեսզի այդ ոլորտում կարողանան համագործակցել: Նա պատրաստակամություն հայտնեց արխիվի գործերով լրջորեն հետաքրքրված իր գործընկերներին հրավիրել այստեղ՝ կայացած արխիվիստների համար ամառային դասընթացներ կազմակերպելու:

Ռեկտորի կարծիքով, գրադարանագիտության ամբիոնի 2-րդ կուրսի մինչև 4 ուսանողի յուրաքանչյուր տարի կարելի է արխիվային գործի մասնագիտացում տալ:

Կողմերը որոշեցին եռակողմ համաձայնագիր կազմել ՀՀ արխիվի, ՀՊՄՀ-ի և ՅուՍիԷլԷյ համալսարանի հայագիտության ամբիոնի միջև ՝առաջիկա քայլերը մշակելով էլեկտրոնային շփման միջոցով, իսկ հետագայում նաև Աղավնաձորում կազմակերպել մասնագիտական հանդիպումներ:

Փիթեր Քաուին պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նաև վնասված և վտանգի առաջ հայտնված արխիվային նյութերի վերականգնման աշխատանքների իրականացմանը, որը ևս ապագա համագործակցության նյութ կարող է լինել, խնդրելով առաջիկայում իրենց ներկայացնել այդ մասին վկայող հանգամանալի տեղեկատվություն:

Երկխոսությունը շարունակվեց սփյուռքահայերի, արևմտահայերենի վերացման վտանգի և Հայաստանում արևելահայերենի հանդեպ անտարբերության խնդրահարույց հարցերի շուրջ:

Փիթեր Քաուի կարծիքով, երկրի ներսում միշտ պետք է երկրորդ լեզուն՝ պատուհանից դուրս նայելու համար:

«Այս համալսարանը բացառիկ նշանակություն ունի լեզվի պահպանման և զարգացման առումով,-ասաց Ռ. Միրզախանյանը: - Դպրոցները պետք է լինեն միայն Մայրենի լեզվով, իսկ մյուս լեզուները միշտ կարելի է սովորել»:

Ռեկտորն ընդգծեց, որ կարևորում է, երբ հատկապես հայագիտության մեջ մասնագիտանում են ոչ հայերը, և վստահեցրեց՝ առաջիկա համագործակցությանն ուղղված քայլերը չեն ուշանա:

Փիթեր Քաուին ուղեկցող Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ին ամերիկյան համալսարանի հայագետը դասախոսություն կկարդա իրենց՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում: