ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր մասնակցեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի հանրային խորհրդի՝ ԱՊՀ երկրներում մանկավարժական կադրերի պատրաստման բազային կազմակերպության նիստին։
Նա մեծ պատիվ համարեց, որ իր ղեկավարած կառույցը մանկավարժական համայնքի մաս է կազմում, և բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացրեց կրթական հաստատության սկզբնավորումն ու զարգացումը։
Վերջինս իր ելույթում ընդգծեց ժամանակակից աշխարհում մանկավարժի մասնագիտության և մանկավարժական բուհերի կարևորությունը, նկատելով, որ յուրաքանչյուր մանկավարժի առաքելությունը միտված է անձի՝ մտավոր, հուզական, ֆիզիկական զարգացմանն ու հոգեկերտվածքի ձևավորմանը։
ՀՊՄՀ-ի ռեկտորը հեռավար ձևաչափում անցկացվող հանդիպմանը կարևորեց նաև Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ 2016 թվականից կրթական ոլորտում մշակած համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների շնորհիվ այն թևակոխել է նոր փուլ։
Սրբուհի Գևորգյանն ընդգծեց դասախոսների և ուսանողների համար նախատեսված «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, «Ոսկե դասախոսություն»-ը, մաստեր կլասները, որակավորման դասընթացները, սեմինարներն ու կլոր սեղանները։
Նիստի ընթացքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովը ներկայացրեց իրենց բուհը, որի 150-ամյակն է այս տարի, ապա «ԱՊՀ մանկավարժական բուհերում կրթության որակի մոնիթորինգ» թեմայով առաջատար մանկավարժական բուհերի խմբային հետազոտության շրջանակներում կատարված աշխատանքներին անդրադարձավ նույն համալսարանի Տեսական և հատուկ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Սերգեյ Իվանովը։
Հանդիպումն ամփոփեց Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի գործադիր տնօրեն Էդուարդ Նիկիտինը՝ ներկայացնելով ԱՊՀ երկրների երիտասարդ դասախոսների «Մանկավարժական սկիզբ-2022» 4-րդ միջազգային մրցույթի կազմակերպման մանրամասները։