ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ռոմեո և Ջուլիետ-ը»՝ նոր մեկնաբանությամբ
17.03.2017
«Ռոմեո և Ջուլիետ-ը»՝ նոր մեկնաբանությամբ

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում պրեմիերա էր. հեռուստառեժիսուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ներկայացվեց «Կու-կա-րե-կու» կատակերգությունը: 

Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսն արվեստանոցի ղեկավար և բեմադրության հեղինակ, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի շնորհիվ նոր շունչ ու մեկնաբանություն էր ստացել:

Աշխարհահռչակ դրամատուրգի գրչին պատկանող պիեսի իրադարձությունները զարգանում են մեր օրերում. ի տարբերություն բնագրի, սիրո քաղաքը ոչ թե Վերոնան է, այլ սովորական հավաբունը, հերոսներն էլ՝ հավերն ու աքլորները:

Ավանդական չեն նաև ներկայացման հերոսները. Ջուլիետի սիրո համար պայքարում է միանգամից երկու Ռոմեո, իսկ նրանց սիրո շուրջ աղմկում սկեսուրը, զոքանչը, հարևաններն ու քավորը:

Պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի պիեսում վերջաբանը, ինչպես ներկայացման ողջ ընթացքը, անսպասելի է. հաղթում է հարուստ Ռոմեոն, որն ավելի շատ է վճարում սիրո համար:

«Ուսանողների առջև բարդ խնդիր էր դրված. գրեթե առանց խոսք կատակերգության ժանրում անհրաժեշտ էր հանդիսատեսին հասցնել բեմադրության հիմնական միտքը: Այդ ժանրում հանդես գալը բարդ խնդիր է անգամ կայացած դերասանի համար. դիտողություններ կան, սակայն արդյունքը գոհացնող է, իսկ արձագանքները՝ պարտավորեցնող»:

Ներկայացման հերոսներից աղքատ Ռոմեոին կերտած հեռուստառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Գևորգյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին բեմելն է: Նորաթուխ դերասանը տպավորված է՝ դերը հեշտ տրվեց, դժվար կատարվեց:

Ջուլիետի դերը մարմնավորած Մարիամ Ջանիկյանն էլ նկատեց, որ հասցրել է սիրել իր կերտած կերպար և փորձել հնարավորինս բնական լինել բեմում: Հուսով է՝ հանդիսատեսին դուր կգա, իսկ կյանքում կհաղթի սերը:

«Կու-կա-րե-կու» կատակերգությանը ներկա էր նաև ռեժիսոր Վահե Շավերդյանը, որը խորհուրդ տվեց զարգացնել ներկայացման գաղափարը՝ վստահեցնելով, որ ժամանակի մեջ այն իդեալական բեմադրություն կդառնա: