ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյան. «Մենք սկզբունքային մոտեցում ունենք. յուրաքանչյուր փոփոխություն իրականանցնել հօգուտ ուսանողի»
19.04.2017
Ռուբեն Միրզախանյան. «Մենք սկզբունքային մոտեցում ունենք. յուրաքանչյուր փոփոխություն իրականանցնել հօգուտ ուսանողի»

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն արդեն երկրորդ օրն է հանդիպում բուհի ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին ընդառաջ կազմակերպվող հանդիպումների նպատակն է խոսել քննական գործընթացի կազմակերպման մասին, ներկայացնել որակավորման քննությունների հետ կապված նորամուծությունները, լսել ուսանողներին հուզող հարցերն ու կարծիքները:

«Մենք սկզբունքային մոտեցում ունենք. յուրաքանչյուր փոփոխություն իրականանցնել հօգուտ ուսանողի»,-նկատեց ռեկտորն ու հավելեց՝ հարցաշարում առկա մանկավարժության հարցերը կփոխարինվի մանկավարժական պրակտիկայի նիշով, ինչը կկազմի ընդհանուր գնահատականի 30 տոկոսը: Լսարանում կլինի նաև մասնագիտական գրականություն, ինչն էլ լրացուցիչ օգնություն է պատշաճ ներկայանալու.«Եթե այս ամենից հետո դուք համառորեն լռեք, ապա դա նախևառաջ ընդունելի վարքագիծ չի լինի հենց ձեզ համար»:

Քննական նոր՝ էլեկտրոնային ձևի մասին շրջանավարտներին մանրամասնեց Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Սամվել Ասատրյանը:

Վերջինս նկատեց, որ համակարգն անցած տարի գործարկվել է բուհի միայն 3 ֆակուլտետում.ուսանողները գոհ են, իսկ համակարգը հաջողված.«Նախկին սթրեսային վիճակն այլևս անցյալում է. պատասխանից անմիջապես հետո ուսանողն իմանում է, թե ինչ գնահատական է ստացել: Պարզ, թափանցիկ քննական այս ձևը նվազագույնի է հասցրել նաև սուբյեկտիվ վերաբերմունքը: Միայն թե պետք է հիշել՝ քննաթերթը փոխելիս 20 տոկոսով պակասում է գնահատականը»,-նշեց մասնագետը:

Սամվել Ասատրյանն ընդգծեց, որ դեռևս նախորդ տարի Ինֆորմատիկայի բաժնի ավարտական կուրսի ուսանողների ստեղծած և հետագայում կատարելագործված համակարգում արդեն իսկ առկա են նաև նորամուծությունները:

Վերջինս տեղեկացրեց, որ հանձնաժողվի անդամներն այս տարի չեն կարողանա լքել քննասենյակն ու խուսափել գնահատման գործընթացից, իսկ ակադեմիական թղթերը կլրացվի ավտոմատ.«Մենք այնպիսի մի դարաշրջանում ենք, երբ անցնում ենք գիտելիքների ստուգման և գնահատման էլեկտրոնային ամբողջական համակարգի: Ծրագիրը մշակվել է ՀՊՄՀ-ի կողմից և բուհի սեփականությունն է, միակը հայաստանյան բուհական համակարգում: Աշխատանքներ տարվում են և արդեն հաջորդ տարի այն կներդրվի նաև ընթացիկ քննություններում»:

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էլյա Խաչատրյանը aspu.am-ի հետ զրույցում ամփոփելով օրվա հանդիպումը նշեց.«Սա չափազանց կարևոր էր և անհրաժեշտ, քանի որ ավարտական քննությունների շեմին հուզված ենք և անհանգիստ: Քննական գործընթացի վերաբերյալ տեղեկացված լինելը կօգնի առավելագույնս պատրաստվել և ապահովել գերազանց պատասխան»:

Հանդիպման ավարտին ուսանողները հնչեցրին իրենց հետաքրքրող հարցերը: