Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ մասնակցեց բուհի գործընկեր՝ Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի 145-ամյակին նվիրված միջոցառումներին։
Պատվիրակության կազմում էին նաև Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն ու Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմեն Հակոբյանը։
Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ նոյեմբերի 2-ին ՄՄՊՀ-ի ռեկտոր Ալեքսեյ Լուբկովի հետ, որի ընթացքում քննարկվեց ինչպես «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին բուհի ուսանողների մասնակցության, այնպես էլ պրակտիկայի շրջանակներում նրանց փոխանակման, երկակի դիպլոմների շնորհման վերաբերյալ հարցեր։
Ալեքսեյ Լուբկովն իր պատրաստակամությունը հայտնեց համատեղ բոլոր նախաձեռնություններին աջակցելու վերաբերյալ:
Նույն օրը Մանկավարժականի պատվիրակությունը հանդիպց նաև Ռուսաստանի Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի, Գիտական խորհրդի անդամների հետ։
Խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին շնորհվեց Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան նշեց. «Շատ հաճելի է, որ ՀՊՄՀ-ն՝ ի թիվս այլ ռազմավարական ուղղությունների, կարևորություն է տալիս ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացմանը։ Մանկավարժական համալսարանները մեր կարևորագույն գործընկերներից են. հենց այդ կրթական հաստատություների շնորհիվ է, որ ռուսաց լեզուն ներթափանցում է դպրոց»։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր շնորհակալական խոսքում ընդգծել է՝ Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության լավագույն հումանիտար բուհերից մեկն է.«Այն նաև ռուսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման առաջատարներից է. այդ տեսանկյունից կառույցը մեծ դեր կարող է ունենալ միջպետական համագործակցության հարցերում»։