ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյանը Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր
10.03.2017
Ռուբեն Միրզախանյանը Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

«Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը գերժամանակակից կրթական հաստատություն է՝ տարբեր ֆակուլտետների և մասնագիտությունների ուղղություններով. բուհը լուրջ գիտական և հետազոտական կենտրոն է, որը կարող է օրինակ լինել դրան ձգտող համալսարանների համար»,-այսօր Մանկավարժական համալսարանում հունգարական պատվիարակության ընդունելության ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Ռեկտորը կարևորեց Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում 2016 թվականին պաշտոնապես բացված հայագիտական ամբիոնի հիմնումը ՝ նշելով, որ այն վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում բացված առաջին նման ամբիոնն է, ուր սովորում են օտարազգի ուսանողներ, գիտական մակարդակներում ուսումնասիրում հայ գրականություն և պատմություն:

Մեկօրյա այցով Մանկավարժական համալսարանում էին Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչը, համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, Պատմության ինստիտուտի տնօրեն Սանդոր Օզեն, ռեկտորի խորհրդական և Սեչենի Ազգային գրադարանի տնօրեն, դոկտոր Լազլո Տուշկան:

Սուրոմի Սաբոլչը մեծ պատիվ համարեց ևս մեկ անգամ մանկավարժական դարբնոցում հյուրընկալվելը՝ այն դիտարկելով երկու բուհերի արգասաբեր համագործակցության ապացույց:

Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ռեկտորը նկատեց, որ Ռուբեն Միզախանյանի պաշտոնավարումը նպաստում է համալսարանի համար միջազգային լայն դաշտի ստեղծմանը: Նրա ջանքերով բուհը համագործակցում է միջազգային համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ.« Մենք բարձր ենք գնահատում համալսարանի որդեգրած ռազմավարությունը, ինչը համահունչ է ժամանակակից գիտական չափանիշներին: Ռուբեն Միրզախանյանն իր գիտական ներդրումն ունի միջազգային գիտական շրջանակներում: Վերջին 10 տարիների ընթացքում արժանացել է մոտ 2 տասնյակ պարգևների և մեդալների»,-նշեց հունգարացի ռեկտորը:

Սուրոմի Սաբոլչը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

«1635 թվականին հիմնադրված համալսարանի պատվավոր դոկտոր լինելը պարտավորեցնող է և պատվաբեր: Հայագիտական ամբիոնի հիմնումը համատեղ աշխատանքի արդյունք է: Մեզ համար ուրախալի է հատկապես ուսանողների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում այս պահին էլ 5 հունգարացի ուսանող ուսանում է ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում, իսկ հայ ուսանողներից 2-ը՝ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում. շուտով նրանց կիմանան ևս 5-ը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը:

Առաջիկա օրերին նախատեսվում է նաև հայ և հունգարացի դասախոսների փոխադարձ դասախոսություններ:

Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ երկու բուհերի միջև համագործակցությունը կլինի առավել ընդգրկուն և կտարածվի նաև այլ ֆակուլտետներում.«Սա խոստումնալից սկիզբ է. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն անելու է ամեն ինչ, որ կյանքի կոչի ուսանողների համար նախատեսված ծրագրերը: Պարզ ճշմարտություն է, որ ուսանողներն են մեր վաղվա գործի շարունակողները, ուստի մեր աշխատանքի բովանդակությունից են կախված ուսանողների հաջողությունները»:

Սուրոմի Սաբոլչը ևս մեկ անգամ բարձր գնահատեց հայագիտական ամբիոնի աշխատանքներում Ռուբեն Միրզախանյանի ծավալած աշխատանքը, որի շրջանակներում ամբիոնը հարստացվում է նաև մասնագիտական գրականությամբ:

Ի դեպ, այսօր ևս բազմաթիվ գրքեր նվիրաբերվեցին Հայագիտական ամբիոնին:

«Հայկական մշակույթը դարերի պատմություն ունի. հնամյա ժողովուրդը, չնայած,արհավիրքներին, կարողացավ գոյատևել: Հունգարիայում հայկական համայնքը թեպետ փոքր է, բայց լուրջ մասնակցություն ունի երկրի կյանքին: Մեր երկրում ապրող հայերը պահպանել են իրենց մշակույթը, լեզուն, ինքնությունն ու հայրենիքի հետ կապը»,-նշեց Սուրոմի Սաբոլչը:

Նա միջազգային հարաբերություներ զարգացնելու, Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության և բուհերի միջև կապը հաստատելու համատեքստում հիմնական գործոններից մեկը համարեց Հայագիտական ամբիոնի հիմնումը .«Սա նաև հիանալի առիթ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն սովորել հայերեն »:

Ռեկտորը aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ չնայած զբաղվածությանը, Հայաստան կատարած երկրորդ այցը պարտադիր էր. այցի ընթացքում հանդիպեց նաև ՀՊՄՀ-ում ուսանող հունգարացի ուսանողներին, նախանշվեցին հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:

Ի դեպ, պաշտոնական ընդունելությունից հետո հունգարացի պատվիրակներին հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական եւ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջեւ 2016 թվականի սկզբին ստորագրվել էր երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանը, զարգացնել երկու համալսարանների միջեւ գիտական ու կրթական համագործակցությունը, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների եւ դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: