ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց վոլեյբոլի աղջիկների հավաքականին
01.12.2016
Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց վոլեյբոլի աղջիկների հավաքականին

Այսօր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրընկալել էր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականին. թիմը վերջերս մասնակցել էր Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Ռեկտորի գավաթ» առաջնությանը և նվաճել բուհի գավաթը:

Կարևորելով սպորտում ունեցած հաջողությունները՝ բուհի ղեկավարը շնորհավորեց հաղթանակած թիմի մասնակիցներին՝ մանրամասնելով առաջիկա անելիքները:

Ռուբեն Միրզախանյանը վոլեյբոլի աղջիկների հավաքականին հորդորեց  պարապել և գրանցել նոր հաղթանակներ՝ նկատելով, որ առաջիկայում փոխադարձ հրավերով Հայաստան կժամանեն ինչպես Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի, այնպես էլ համագործակից այլ բուհերի թիմերը:

«Չնայած հավաքականում ընդգրկված են տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներ, սակայն նրանց միավորում է սերը մարզաձևի և հարազատ բուհի  հանդեպ, ինչը կրկնապատկում է հաղթանակելու հավանականությունը»,- նշեց հավաքականի մարզիչ  Զառա Պետրոսյանը:

ՀՊՄՀ-ի աղջիկների վոլեյբոլի հավաքականի ավագ Ամինա Առաքելյանն էլ հավելեց՝  չնայած առկա լարվածությանն ու հուզմունքին՝ կոլեկտիվ ոգին միշտ  օգնում է առավել ինտենսիվ պարապել և ձեռք բերել դժվարին, բայց  սպասված հաղթանակները:

Թիմի ավագը նկատեց նաև, որ մասնակցությունը Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում անցկացված «Ռեկտորի գավաթ» առաջնությանը յուրահատուկ փորձառություն էր, ինչն օգնում է լավ արդյունքներ գրանցել նաև ներկայումս ընթացող միջբուհական խաղերին:

Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականը վերջերս Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Ռեկտորի գավաթ» առաջնությունում  գրանցած հաջողությունների շնորհիվ հայտնվել էր եզրափակչում:

Եզրափակիչ վճռորոշ խաղում աբովյանականները մրցելով ՄՊՄՀ-ի Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետի թիմի հետ և  գրանցելով 3:2 հաշիվը՝ նվաճեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի գավաթը:

Ռեկտորը հրաժեշտ տվեց ուսանողներին՝ նրանց հանձնելով բուհի պատմությունն ու ժամանակագրությունը ներկայացնող նկարազարդ ալբոմն ու այլ հուշանվերներ: