ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուսական խոսքի օրերը Հայաստանում
24.11.2017
Ռուսական խոսքի օրերը Հայաստանում

Նոյեմբերի 20-ին Մանկավարժական համալսարանում կայացավ Հայաստանում անցկացվող Ռուսական խոսքի օրերի հանդիսավոր բացումը:

Հոբելյանական՝ 10-րդ ձեռնարկը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված բարեկամության, համագործակցության և փոխօգնության հուշագրի 20-ամյակին:

Ձեռնարկի շրջանակներում ռուսերեն և ռուս գրականություն դասավանդողների, ուսուցիչների, ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների համար անցկացվեց «Ռուսաց լեզուն՝ 21-րդ դարում մշակութային երկխոսության, գիտական համագործակցության, միջազգային և միջանձնային շփման երաշխիք» խորագրով միջազգային գիտա-գործնական կոնֆերանս:

Կայացավ նաև «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ-2017» հանրապետական 8-րդ մրցույթի հաղթողի պարգևատրման արարողությունը:

Ներկաներին ողջունեցին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հայաստանում Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՊՄՀ-ի դոցենտ Լիլիա Բալասանյանը, Սովետական և ռուսաստանյան բուհերի ասոցիացիայի գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանը:


Պլենար նիստին մասնակիցները քննարկեցին մի շարք մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ «Ռուս ազգային երկլեզվությունը որպես ինստիտուցիոնալ բազմալեզվության զարգացման երաշխիք», «Նախագիծը որպես ուսուցման ինտերակտիվ մեթոդ` ուղղված խոսքային հմտությունների զարգացմանն ու ակտիվացմանը», «Երկլեզվանի կրթության հակասություններն ու առկա խնդիրները» և այլն:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 70 գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:

«Ռուսաստանյան քաղաքակրթության ձևավորման աշխարհաքաղաքական և մշակութային նախադրյալները» զեկույցով հանդես եկավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսաց լեզվի և ռուս մշակույթի ինստիտուտի դասախոս Իրինա Կաստելինան:

Կոնֆերանսի ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին ռուսաց լեզվի ուսուցման և դասավանդման արդի խնդիրների շուրջ. մասնակիցները միակարծիք էին` ռուսաց լեզուն իր մեջ է ամփոփում միջազգային հաղորդակցության և համաշխարհային մշակույթի մեծագույն ձեռքբերումները:

Նոյեմբերի 20-24 անցկացվող ձեռնարկը կազմակերպվել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, Հայաստանում ՌԴ դեսպանատան, ՀՀ ԿԳ նախարարության, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Սովետական և ռուսաստանյան բուհերի շրջանավարտների ասոցիացիայի, ինչպես նաև Հայաստանի ռուս հայրենակիցների կոորդինացիոն խորհրդի աջակցությամբ: