ՀՊՄՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց սեմինար-քննարկումների շարք՝ միտված տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ու բացահայտմանը։
Հանդիպման առաջին հյուրը «Զիմաստ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Դավթյանն էր։ Բանախոսն ուսանողներին ներկայացրեց սեփական հետազոտությունը՝ համեմատական անցկացնելով արհեստական բանականության և մարդկային «բնական» ստեծագործականության միջև։
Ինչպես նկատեց Մարիամ Դավթյանը՝ մեր օրերում տեխնոլոգիան փոխում է ամեն ինչ՝ կրթությունից՝ հետազոտություն, բիզնեսից՝ տնտեսություն։ Խոսելով տեխնոլոգիաների միջոցով կրթության փոփոխության մասին՝ երիտասարդ գիտնականը կարևորեց քննարկումներին երիտասարդ մանկավարժների մասնակցությունը․այդ գործիքների համատեքստում՝ վերանայվում է նաև սովորեցնողի դերը։
Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս հասկանալ՝ գործ ունենք ԱԲ-ի հետ, թե ոչ, լեզվական մոդելներ, ստեղծագործական երեւույթները բնութագրող հիմնական առանձնահատկություններ և այլն․Մարիամ Դավթյանն անդրադառնալով այս և այլ թեմաների՝ նկատեց, որ չնայած ԱԲ-ն կարող է ստեղծել նոր բովանդակություն, սակայն այն չի կարող զուգահեռաբար գնահատել, համեմատել և իմաստավորել բովանդակությունը մարդակենտրոն աշխարհի կոնտեքստում, ինչը մարդկային ստեղծագործության հիմնական առանձնահատկությունն է․ «Մարդու և ԱԲ-ի ստեղծագործականության միջև սահմանը կայանում է նպատակադրվածության, իմաստավորման, արժևորման, համապարփակ ընկալման և ինտուիտիվ մոտեցման մեջ, ինչին ԱԲ համակարգերը դեռևս չեն կարող հասնել»,- նշեց նա։
Բանախոսը կարծում է՝ եթե մենք օր առաջ կարողանանք տեղորոշել զարգացող ԱԲ համակարգերի առանցքային բացերը, կկարողանանք նաև աշխատել դրանց փոխօգտակար, հարմոնիկ, փոխլրացնող գոյակցության համար։
ՀՊՄՀ ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Բարեղամյանը կարևորեց սեմինար-քննարկումների շարքն ու հույս հայտնեց, որ դրանք կսովորեցնեն՝ ինչպես օգտագործել նորագույն տեխնոլոգիաները կրթության և գիտության ոլորտում, էլ ավելի լավ արդյունքներ ստանալու համար։