ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար-քննարկում՝ երկրաշարժի տարելիցին նվիրված
08.12.2023
Սեմինար-քննարկում՝ երկրաշարժի տարելիցին նվիրված

Մանկավարժական համալսարանում էին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները։

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված՝ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա շրջանակներում, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում անցկացվեց սեմինար-քննարկում։ Միջացառմանը ներկա էին նաև Խաչատուր Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտները։

«Երկրաշարժն ու Սպիտակի դասերը» թեմայի շրջանակներում ծառայության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանն ու գլխավոր մասնագետ Հայկանուշ Եսայանն անդրադարձան սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանի ռիսկայնությանը, մեր երկրի սեյսմոակատիվությանը, անվտանգ միջավայր ստեղծելուն միտված ծառայության աշխատանքներին, բնակֆոնդի վիճակին։

Խոսվեց նաև երկրաշարժերի ինտենսիվության և մագնիտուդի տարբերությունների մասին, սեյսմիկ վտանգի, ռիսկի, դրա գնահատման, նվազեցման աշխատանքների, կանխատեսման տիպերի մասին և այլն։

Սյուզաննա Կակոյանը, անդրադառնալով Սպիտակի աղետալի երկրաշարժին, ընդգծեց իրազեկված լինելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Բանախոաը վստահեցրեց՝ իրենց կառույցում ամենօրյա ռեժիմով կարևորում են երկրաշարժի աղետներին դիմակայելու, իմացաբանական և վարքային հմտությունները զարգացնելուն միտված աշխատանքները։

Մանկավարժական համալսարանում ընթացող սեմինար-քննարկումը, ըստ նրա, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար է, որի կարևորագույն բաղադրիչը բնակչության իրազեկվածության բարձրացումն է, ուսուցումը, վարքականոնների իմացությունը՝ աշխարհի և լոկալ փորձից ելնելով նույն սխալները չկրկնելու, անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ զարգացնելու նպատակով։

Ծավալվեց քննարկում, եղավ հարց ու պատասխան։