Հունիսի 3-4-ը Գորիսի պետական համալսարանի Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց գիտամեթոդական սեմինար-քննարկում։
«Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը մաթեմատիկայի դպրոցական դասընթացում՝ ըստ կրթական նոր չափորոշիչների» թեմայով ձեռնարկը վարում էին ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարազդատ Վարդազարյանն ու ԳՊՀ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Անուշ Դավթյանը:
Բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հետ կապված փոփոխությունները, մանրամասնեցին նոր ընդգրկված թեմաներով դասախոսությունները, կատարեցին գործնական առաջադրանքներ։
Սեմինար-քննարկմանը մասնակցում էր մաթեմատիկայի շուրջ 30 ուսուցիչ, ավագ դպրոցի աշակերտներ, ոլորտով հետաքրքրվածներ։
Ծավալվեց ակտիվ քննարկում, իսկ երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: