ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար-քննարկում՝ մանկավարժական պրակտիկայի ընթացքում
06.05.2024
Սեմինար-քննարկում՝ մանկավարժական պրակտիկայի ընթացքում

Օրերս Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցում կայացավ «Ուսումնաօժանդակ ձեռնարկները մայրենիի դասերի ընթացքում» թեմայով սեմինար-քննարկում։ Այն նախաձեռնել էին Սկզբնական կրթության ֆակուլտետի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ Արմինե Միքայելյանը, Լաուրա Ավագյանը, Արինե Ավագիմյանն ու Տաթևիկ Ենոքյանը։

Հանդիպմանը ներկա էին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-3-րդ կուրսերի պրակտիկանտները, ինչպես նաև տարրական դասարանների ուսուցիչներ:

Սեմինարը բովանդակալից էր և արդյունավետ. բանախոսները ներկայացրին տարբեր ուսումնաօժանդակ նյութեր՝ «Հետաքրքրաշատ մայրենի 1» և հարմարեցված տետրեր՝ ԿԱՊԿ ունեցող սովորողների համար ՝ «Մայրենի 1» (1-ին և 2-րդ մասեր)։

Բանախոսները մանրամասնեցին և վերլուծեցին աշխատանքային գիրք-տետրերի կառուցվածքը, բովանդակությունը, դրանցով աշխատելու մեթոդական առանձնահատկությունները։ Ընդգծեցին՝ աշխատանքային գիրք-տետրերը աշակերտները կարող են կիրառել նաև արձակուրդների ընթացքում․ դրանք խաղային բնույթի են, ունեն ինքնաստուգման տարրեր:

Նշենք, որ «Հետաքրքրաշատ մայրենի» աշխատանքային գիրք-տետրերի ժողովածուն 4 մասից բաղկացած մատենաշար է՝ 1-4-րդ դասարանների սովորողների համար: Դրանցում ընդգրկված լեզվական առաջադրանքները համապատասխանում են առարկայական ծրագրին և չափորոշչին: Ձեռնարկներում առկա են նաև QR կոդեր, որոնց միջոցով սովորողները կարող են կատարել առաջադրանքները էլեկտրոնային տարբերակով։ Ներկաները տեղում փորձարկեցին QR կոդերը՝ կատարելով էլեկտրոնային առաջադրանքներ։

Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխանով. ուսուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը և հանդես եկան ուշագրավ առաջարկներով։