ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար՝ ֆրանսահայ լոգոպեդների մասնակցությամբ
04.06.2018
Սեմինար՝ ֆրանսահայ լոգոպեդների մասնակցությամբ

Օրերս ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետն հյուրընկալել էր Ֆրանսիայից ժամանած լոգոպեդներ Աստղիկ և Սիլվի Թոփուզխանյաններին:

Գիտագործնական սեմինարի կազմակերպման նպատակն էր բուհի և այլ հաստատությունների լոգոպեդներին և Երևան քաղաքի տարբեր կլինիկաներում աշխատող նյարդաբաններին ծանոթացնել խոսքի խանգարումներով ուղեկցվող մի շարք նյարդային հիվանդությունների դեպքում լոգոպեդական աշխատանքի մեթոդներին, դրանց կազմակերպման առանձնահատկություններին: Հյուրերը առավել մանրամասն ներկայացրեցին նյարդային տարբեր հիվանդությունների դեպքում մեծահասակների հետ կիրառվող լոգոպեդական աշխատանքի սկզբունքները, որից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում:    

Քննարկման ընթացքում հյուրերը խոսեցին ինսուլտներից, գանգուղեղային վնասվածքներից և գլխուղեղի բորբոքային հիվանդություններից հետո իրականացվող լոգոպեդական աշխատանքի սկզբունքների մասին: Մասնակիցներին հետաքրքիր էին Ֆրանսիայում աֆազիայի և դիզարտրիայի բուժման ընդունված մեթոդները: Ֆրանսահայ մասնագետները ներկայացրին դիսֆագիայի բուժման համար իրենց կողմից կիրառվող մեթոդը, ինչպես նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում կիրառվող խոսքի վերականգնման սկզբունքները:

Աստղիկ և Սիլվի Թոփուզխանյաններն անդրադարձան նաև Պարկինսոնիզմին, Ալցհեյմերի հիվանդությանը, ցրված սկլերոզի և ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեպքում լոգոպեդական աշխատանքների առանձնահատկություններին, որոնք կիրառվում են ֆրանսիական կլինիկաներում և վերականգնողական կենտրոններում: