Մանկավարժական համալսարանում փիլիսոփայության համաշխարհային օրվա շրջանակներում ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար:
Սեմինար քննարկմանը ամբիոնի դասախոսներն ու ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով փիլիսոփայություն գիտության անսահման և ընդգրկուն աշխարհը, գաղափարները, ժառանգությունը, ինչպես նաև հասարակության մեջ ունեցած ազդեցությունն ու դերը:
Ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ սեմինարը կվերածվի երիտասարդ «փիլիսոփաների ակումբի» և հնարավորություն կտա ծավալել հետաքրքիր և անմիջական քննարկումներ: Վերջինս իր զեկույցում անդրադարձավ կրոնագիտությանն ու կրոնի փիլիսոփայությանը՝ այն դիտարկելով որպես հոգևոր գործունեության ինտելեկտուալ ձև:
Սեմինարը շարունակվեց նաև այլ զեկույցներով. դասախոսներն ու ուսանողները կոնֆուցիականության և լուսավորականության օրինակով ներկայացրին փիլիսոփայական գաղափարները, մշակույթի սոցիոլոգիան՝ որպես միջդիսցիպլինար գիտակարգ, ինչպես նաև անդրադարձան Դավիթ Անհաղթի փիլիսոփայությանը և այլն: Ձեռնարկը շարունակվեց հարցուպատասխաններով, քննարկումներով, ինչը ուսանողներին հնարավորություն տվեց ընդլայնել փիլիսոփայության մասին ունեցած պատկերացումներն ու ձևավորել նոր մոտեցումներ:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2002թ-ից յուրաքանչյուր նոյեմբեր ամվա երրորդ հինգշաբթին նշվում է որպես Փիլիսոոփայության համաշխարհային օր: