ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինար՝ նվիրված վեճերի լուծման այլընտրանքային գործիքներին
20.04.2017
Սեմինար՝ նվիրված վեճերի լուծման այլընտրանքային գործիքներին

ՀՊՄՀ-ի Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Վեճերի լուծման այլըտրանքային կառուցակարգերը» թեմայով սեմինար-քննարկում:

Արդարադատության ոլորտի փորձառու մասնագետներն ու ապագա իրավագետները սեմինարի ընթացքում որպես վեճերի արդարադատական միջոց անդրադարձան արբիտրաժին: Այն վեճերի լուծման արտադատարանային տարբերակ է, որով վեճի կողմերն իրենք են որոշում ինչպես լուծել իրենց միջև առկա վեճը՝ այն դատարանի հայեցողության թողնելու փոխարեն:

Սեմինարի ընթացքում բանախոսները խոսեցին արբիտրաժի կարևորության, ինչպես նաև Հայաստանում և այլ երկրներում տվյալ մեթոդից օգտվելու հաճախականության կամ դեպքերի մասին:

Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը ցավով նկատեց, որ նույնիսկ ոլորտում արդարադատական այդ գործիքի մասին լավ տեղեկացված չեն. այդ է պատճառը, որ իրականության մեջ նրանից հասարակությունը չի օգտվում:

Պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյանը համաձայնում է ամերիկյան հայտնի կարգախոսի հետ՝ արդարադատությունը պետք է իրականացնել դանդաղ շտապելով, բայցև նկատում է, որ պրակտիկայում քիչ չեն միչև 4 տարի քննվող դատական գործերը. «Դրանք բացասական ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Իրավաբաններն ու գիտնականները փորձել են գտնել այնպիսի գործիքներ, որ արդարադատությունն իրականացնելու ընթացքում ժամանակի գործոնը բացասական ազդեցություն չունենա կողմերի վրա»:

Չնայած հայ իրականության մեջ արբիտրաժի ինստիտուտը նոր է սկսում զարգանալ, սակայն իրավաբանական գիտությունների դոկտորն այն համարում է արդյունավետ գործիք, որի կիրառման համար անհրաժեշտ են մի քանի գործոններ՝ վստահ լինել, որ արբիտրը արդար է, իսկ ինստիտուտի ձևավորման հիմքում ընկած կարգավորումը լինի իդեալական:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը արբիտրի աշխատանքը կարևորեց նաև հոգեբանական վերլուծության տեսանկյունից և հավելեց, որ սեմինարը կօգնի երիտասարդներին զինված լինել ոլորտի վերաբերյալ գիտելիքներով և  ունենալ կանոնակարգված մոտեցումներ:

«Վեճերի լուծման այլըտրանքային խնդիրը հոգեբանության մեջ ևս կարևորված է: Այդ ոլորտում ամենամեծ գործունեությունը պետք է իրականացնեն հենց իրավաբաններն ու հոգեբանները. վերջինները փորձում են հասկանալ՝ որոնք են այն կարևորագույն բաղադրիչները, որ մեդիացիոն գործընթացի կազմակերպման ընթացքում վճռորոշ դեր են խաղում»,-նշեց պրոռեկտորն ու ափսոսանքով նկատեց, որ Հայաստանում հոգեբանները չունեն ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ:

Սեմինարի ընթացքում զեկուցողներ, ոլորտի առաջատարներ Աիդա Ավանեսյանը,Հայկ Հովհաննիսյանը և Լուսինե Թասալյանն  առավել մանարամասն ներկայացրին արբիտրաժի նպատակները, առավելությունները և այլն:

Սեմինարի կազմակերպիչ Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի տեղակալ Լուսինե Հակոբյանը aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեր օրերում վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգը էլ ավելի է կարևորվում, քանի որ յուրաքնաչյուր դատավորի վարույթում մինչև 1500 գործ կա: Գործերի երկարատև քննությամբ խախտվում է մարդու արդար դատաքննության իրավունքը ողջամիտ ժամկետում իրականացնելու սկզբունքը:

«Արբիտրաժների, հաշտատարության միջոցով վեճերի լուծման մեխանիզմներն առավել արդյունավետ են, միայն անհրաժեշտ է հասարակությանն իրազեկել, որ ՀՀ-ում նույնպես գործում է արբիտրաժի մասին օրենք»,-նշեց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ իրազեկելը սկսել են ապագա իրավագետներից՝ շեշտադրելով այն իրողությունը, որ արբիտրաժի միջոցով հնարավոր է առավել կարճ ժամկետում հասնել վեճի լուծմանը:

Նշենք, որ սեմինար-քննարկումը կազմակերպվել էին ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիան, Մեդիացիայի, արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ծառայություններն ու «Հովհաննիսյան և գործընկերներ» ընկերությունը: