ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սեմինարների շարք՝ Քաջիկ Օհանյանից
29.10.2018
Սեմինարների շարք՝ Քաջիկ Օհանյանից

Փիլիսոփայության համաշխարհային օրվա շրջանականերում մեկնարկել է տեսական սեմինարների շարք՝ «Գիտության պատմություն և փիլիսոփայություն» և «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» դասընթացների առարկայական տիրույթը և դասավանդման առանձնահատկությունները խորագրով:

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի և ՀՊՄՀ-ի Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների պրոֆեսոր Քաջիկ Օհանյանն իր զեկույցում անդրադարձավ գիտության հետազոտության մեթոդաբանության հարցերին:

Պրոֆեսորի կարծիքով՝ կան օրինաչություններ, որոնք ընդհանուր են բոլոր հետազոտությունների համար ինչպես նաև այլ օրինաչափություններ՝ բնորոշ միայն կոնկրետ բնագավառին. «Այս սեմինարների ընթացքում ընթանալու ենք դեպի մասնավորի խնդիրները տանող ճանապարհով և ցույց ենք տալու հանդիպող բոլոր այն գործիքների կիրառման ձևերն ու եղանակները, որոնց պետք է տիրապետեն ասպիրանտները»:

Պրոֆեսոր Օհանյանը վստահեցնում է, որ «Գիտության պատմություն և փիլիսոփայություն» և «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» դասընթացների շրջանակներում կհաջողվի շոշափել գիտության և փիլիսոփայության առանցքում գտնվող հարցերը՝ առավել խորն ուսումնասիրելու, միասնական կարծիք կազմելու համար:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց պրոֆեսորի դասախոսության թեման, որը հնարավորություն կընձեռի նորովի անդրադառնալ գիտական աշխատանքի թեմայի կազմակերպմանը՝ ժամանակակից գիտական ոլորտի փոփոխությունների համատեքստում: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ 3 շաբաթ տևողությամբ սեմինարների շարքը կհարստացնի ոլորտի ավանդական մոտեցումները, ինչպես նաև կլինի երկխոսության արդյունավետ հարթակ ասպիրանտների, հայցորդների, գիտական ոլորտների բոլոր հետաքրքրվածների համար: