Երևանի Կինոյի տանը կայացավ «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմի շնորհանդեսը՝ նվիրված ՀՊՄՀ պրոֆեսոր, դոկտոր Սերգո Երիցյանին։
Ֆիլմի սցենարի հեղինակը ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Լևոն Գալստյանն է, ռեժիսորը՝ նույն ամբիոնի դոցենտ Արսեն Առաքելյանը։
Վավերագրական ֆիլմը մարդկային մեկ ճակատագրի պատմություն էր՝ անցյալից դեպի ապագան գնացող ուղերձներով, շարունակվող ճամփորդության հետաքրքիր կանգառներով, որոնցից յուրաքանչյուրում սեր ու նվիրում կար, հոգատարություն հասարակ մարդու հանդեպ, գիտնականի, հետազոտողի, լրագրողի ասելիքի ու տալիքի հարատև փնտրտուք։
Էկրանից իր սերնդի մի խումբ ճանաչված մտավորականներ և պաշտոնյաներ իրենց անկեղծ վերաբերմունքն էին արտահայտում Սերգո Երիցյան մարդու, մտավորականի ապրած կյանքի ու դեգերումների հանդեպ՝ հիշողության միջից հուշիկ-հուշիկ հանելով ընկերոջ, գործընկերոջ, բարեկամի օրինակելի կերպարի բացահայտված ու չբացահայտված շերտերը։
Էկրանից ժպտում էր կյանքին ժամանակից շուտ հրաժեշտ տված մարդը՝ Սերգո Երիցյանը, ընտանեկան ջերմության անթաքույց բերկրանքը սփռելով դահլիճում՝ ծափերի ու ծափողջույնների տարափի ներքո։ «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմը մեծապես հուզեց դահլիճում ներկա գտնվողներին։
«Սերգո Երիցյանի մասին դեռ երկար կխոսեն։ Նրա մասին ֆիլմը ստեղծվել է կրթական այն միջավայրում, որտեղ ինքն էր վերջին տարիներին, իր գործընկերների, ընկերների ջանքերով, և դա արվել է մեծ սիրով։ Կան տարբեր բնագավառների գիտնականներ, արվետագետներ, որոնք իրենց աշխատանքով որոշակի հետք են թողնում։ Նրանք լավ են անում իրենց գործը, նվաճում են հանրության համակրանքը, արժանանում են դափնիների»,- նշեց Լևոն Գալստայնն ու հավելեց՝ քչերն են, որ ստեղծում են համակարգեր, իսկ Սերգո Երիցյանը կարողացավ ՀՀ բուհական միջավայրում հիմնել լրագրության ակադեմիական դպրոց․ լրագրության դասավանդման կրթական հիմքերն ստեղծեց իր մենագրություններով, հետազոտություններով և հոդվածներով։
«Ֆիլմի գաղափարը փոխանցեցին Կարինե Տիտանյանն ու Արմեն Ամիրյանը։ Քիչ էի շփվել Սերգո Երիցյանի հետ, բայց հասցրել էի հիանալ նրա փորձառությամբ ու արհեստավարժությամբ»-պատմում է ֆիլմի ռեժիսորը՝ Արսեն Առաքելյանը։
Նրա համար ֆիլմի նկարահանումը բավականին հետաքրքիր է եղել՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային կերպարի բացահայտումների առումով։ Ռեժիսորն իր այս աշխատանքը համարում է տեղեկատվական, վավերագրական հեռուստաֆիլմ։ Ֆիլմում Սերգո Երիցյանի կենսապատումն է՝ ճամփորդություններ հայկական հետքի որոնումներով։
Սերգո Երիցյանը հեռուստատեսություն բերեց հասարակ մարդու ազատ, անկաշկանդ խոսքը, կարողացավ գոհացնել ավանդապահ հեռուստադիտողին, շեշտադրեց ոլորտի հիմնախնդիրներն ու գնաց դրանց լուծումները գտնելու հետևից։
Տարբեր պաշտոններ զբաղեցնելը չփոխեց նրա մարդկային կերպարը, ինչպես հնչեց ֆիլմում՝ «նա կարողացավ դիմանալ պաշտոնի փորձությանը»։
Հեռուստատեսությունն իմ կյանքն էր՝ էկրանից անդին ասում է Սերգո Երիցյանը՝ իր կյանքի դրվագները շռայլորեն ներկայացնելով ապրողներին, որոնք ամեն անգամ նորովի են արժևորում նրա թողած ժառանգությունն ու փորձում ապրել այդ ուղերձներով։
Լրագրող, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ Սերգո Երիցյանին նվիրված ֆիլմի դիտմանը ներկա էին նրա ընկերները, գործընկերները, ուսանողները, ընտանիքի բարեկամներն ու մտերիմները։