ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախադպոցական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Սերունդների խաչմերուկ» խորագրով միջոցառում:
Միջոցառումը յուրատեսակ խաչմերուկ էր, որում հանդիպեցին տարբեր սերունդները՝ նախադպրոցական տարիքի երեխաներ, Նախադպրոցական մանկավարժոևթյան և մեթոդիկաների ամբիոնի ավագ և երիտասարդ դասախոսներ, նույն ամբիոնի մագիստրոսներ և երախտավորներ:
Բուհի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց սերունդների խաչմերուկում հանդիպած աբովյանականներին, որոնց միավորում է միևնույն առաքելությունը՝ սովորեցնել սովորեցնելը:
Ռեկտորը հպարտությամբ է նշում՝ իր մասնագիտական ուղին սկսել է հենց նախադպրոցական կրթության ամբիոնում: Նա երախտագիտությամբ հիշեց նախադպրոցական մանկավարժության երախտավորներին, որոնք կարողացել են կրթել յուրատեսակ ոճ և ձեռագրաբանություն ունեցող մասնագետներ, ոլորտի նվիրյալներին:
«Մանկավարժը չի կարող աշխատել նախադպրոցական հաստատությունում, եթե չունի անսահման սեր և մեծագույն նվիրում երեխայի և նրա հետաքրքրությունների նկատմամբ: Նախադպրոցական տարիքում է կերտվում հերոսը, վաղվա քաղաքացին»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու 100-ամյակի միջոցառումների շարքում կարևորեց ձեռնարկը. այն ոչ միայն սերունդների, այլև մոտեցումների և ժամանակների պահանջների խաչմերուկ է:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին ինչպես հարազատ կրթօջախի մեկդարյա հոբելյանի, այնպես էլ սերունդների խաչմերուկում հանդիպելու, միմյանց շնորհակալ լինելու և անցած ուղին վերարժևորելու համար:
«Աստվածներն ու երեխաներն ապրում են այնտեղ, որտեղ նրանց սիրում են: Այդ տեղը հենց Մանկավարժական համալսարանն է»,-հին իմաստությունը մեջբերեց Հեղինե Խաչատրյանն ու վերահաստատեց հարազատ կրթօջախի հանդեպ իր սերն ու նվիրումը:
Սերունդներին մեկ խաչմերուկում միավորելու գաղափարը Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Մանուկյանինն է: Հպարտ է՝ ղեկավարում է ամբիոն, որն ունի պատմություն, գիտական հենք և վստահություն, որ ունենք գիտական հանրությանը փոխանցելու նոր գաղափարներ, մեթոդներ:
«Ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա, ումից ցանկանում են սովորել: Այսօր էլ ուզում ենք սովորել, լսել մեր ուսուցիչներին»,-նշեց Արմինե Մանուկյանն ու բեմ հրավիրեց սերունդներին, որ «խաչմերուկում» քննարկեն հարցեր, լսեն առաջարկներ, տեսակետներ, գտնեն լուծումներ:
Բեմը վերածվեց մասնագիտական կարծիքների բախման խաչմերուկի, ուր քննարկվեցին նախադպրոցական կրթության համակարգի մի շարք խնդիրներ և ժամանակակից մարտահրավերներ, սոցհարցումների արդյունքում ձևավորված խնդրահարույց հարցեր՝ 20-րդ և 21-րդ դարի պրիզմայով:
Թեև շատ դեպքերում սերունդներն ունեցան կարծիքների բախում, բայց եղան նաև համաձայնություններ. դա հենց այն «խաչմերուկն» էր, որտեղ նրանց միավորում էր մասնագիտական միասնությունը և նվիրյալ մանկավարժի կարևոր մեթոդը՝ «երեխան սիրում է, երբ իրեն սիրում են»:
«Սերունդների խաչմերուկ»-ում անակնկալների պակաս չկար, իսկ ամենագեղեցիկը պարգևատրման արարողությունն էր, որն անակնկալ էր նաև բուհի ռեկտորի համար. նախադպրոցական մանկավարժության երախտավորներին Սրբուհի Գևորգյանը հանձնեց «Մանկավարժական համալսարան» հուշամեդալ: Նույն մեդալով պարգևատրվեց նաև բուհի ռեկտորը՝ իր ողջ մասնագիտական ուղին հարազատ կրթօջախի հետ կապելու և նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ոլորտում ունեցած ավանդի համար:
«Սերունդների խաչմերուկ»-ը շարունակվեց վարպետության դասով. ամբիոնի պրոֆեսորներ Ալլա Դալլաքյանը, Վաչագան Նավասարդյանը, դասախոսներ Արևիկ Խուգեյանը, Իրինա Պոնոմարենկոն, Մարիաննա Ամիրաղյանը, Ա. Սիմոնյանը ներկայացրին նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր տեխնոլոգիաների կիրառման նոր մոտեցումներ, մեթոդներ և խաղ-վարժանքներ: Նախադպրոցական մանկավարժության և մոթդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Մանուկյանը ներկաներին, որոնց թվում էին նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայիս տնօրեններ, հորդորեց՝ կրթական, գիտական և մեթոդական բոլոր հարցերով դիմել այդ հարցերով զբաղվող հանրապետության միակ գիտական կենտրոն Մանկավարժական համալսարանի մասնագիտական ամբիոնին:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի երգչախումբը` պրոֆեսոր Վաչագան Նավասարդյանի ղեկավարությամբ։ Վերջինս տեղեկացրեց, որ սա ուսանողների երգչախմբի անդրանիկ կատարումն էր, և օրը հռչակեց իբրև "Շողեր" երգչախմբի ծննդյան օր։
«Սերունդների խաչմերուկ»-ի հրաժեշտի ակորդը ամենակրտսեր սերնդին էր վերապահված. բեմում Երևանի քաղաքապետարանի թիվ 43 նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն էին, որոնք հանդես եկան «Շունն ու կատուն» երաշժտական ներկայացմամբ: