ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սևակի որոնածը լույս էր՝ դարերի, ազգի և մարդկության համար
05.11.2024
Սևակի որոնածը լույս էր՝ դարերի, ազգի և մարդկության համար

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։

Երկօրյա գիտական ձեռնարկը նախաձեռնել են ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետն ու Պարույր Սևակի տուն-թանգարանը։

Բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը հոբելյանական միջոցառումների շարքում կարևորեց անցկացվելիք համատեղ գիտաժողովն ու որակյալ աշխատանքի կարևոր նախապայման համարեց գիտական խոսքը, հետազոտողների երկխոսությունը,  միմյանց լսելու, դիտարկումները, վարկածներն ու առաջարկները քննարկելու միջավայրի ձևավորումը։

Ժաննա Անդրեասյանը, որ նաև նախագահում էր հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը, հույս հայտնեց, որ գիտաժողովում ներկայացվելիք զեկուցումները մանրամասն և բազմաշերտ կանդրադառնան Սևակի հարուստ  ժառանգությանը։ Նախարարը նման գիտաժողովները կարևորեց մեր արվեստագետների, մտավորականների թողած ամբողջ ժառանգությունն ամենատարբեր բաղադրիչներով վերլուծելու, այսօրվա խնդիրների տեսանկյունից հասկանալու այն մտորումները, դիտարկումները, որոնք  թողնված  են մեզ․ «Սևակը մտորումների, ընկալումերի մի ամբողջություն էր նաև իմ ուսանողական տարիներին, որը թույլ էր տալիս ավելի լավ ճանաչել մեր հասարակությունը։ Նման գիտաժողովները կարևոր են նաև միջգիտակարգային երկխոսության հնարավորությունների առումով՝ հասկանալու, թե մեզ թողնված գրականության հարուստ ժառանգությունը ի՞նչ է պատմում մեր իսկ մասին, ինչպիսի՞ շերտեր է բացում և ինչպե՞ս կարող է այդ գիտելիքը հետաքրքիր, ուշագրավ և օգտակար լինել ոչ միայն որպես գրականագիտական, արվեստաբանական վերլուծություն, այլև հասարակական երկխոսության կարևոր նյութ։ Սևակի հրապարակախոսական ժառանգությունն այդ առումով ևս առանձնակի նշանակություն ունի»,-հավելեց նախարարը։

Նիստը նախագահող ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն ընդգծեց՝ Պարույր Սևակն այն բանաստեղծներից է, որի պոեզիան համընդհանուր հնչեղության հասավ՝ բանաստեղծությունը դարձնելով ինքնարտահայտման ձև․նրանք խոսեցին բոլորի անունից, նրանց ասելիքը կարևորվեց ընդհանուրի համար։ Բանախոսը նկատեց՝ անցնելով չափազանց բարդ ճանապարհով՝ Սևակը հանդես եկավ աստիճանաբար ու շլացնող ձայնով, ուրույն դիմագծով, մեր լեզվի անսպառ հնարավորություններն օգտագործելու շնորհիվ, խոսքարվեստով ազգային հոգեբանությունն արտահայտելու կարողությամբ, նորարարական որոնումների մտահոգությամբ, մտածողության եղանակով և ստեղծագործական ծրագրերով․«Սևակը կարողացավ պեղել մարդու հոգին, ճանաչել այն և տեսանելի դարձնել։ Նա ի ցույց դրեց ստեղծագործող մարդուն բնորոշ հոգեվիճակները, արդարություն և ճշմարտություն որոնող անհատի մտատանջանքները։ Սևակի որոնածը լույս էր՝ դարերի, ազգի և մարդկության համար»։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջույնի իր խոսքում նկատեց՝ մեկդարյա հեռավորությունն անգամ Սևակին  չի հեռացնում մեզնից, այլ ամեն օր, ամեն ժամ  ավելի է մոտեցնում մեզ։  Պրոֆեսոր Գևորգյանը, զերծ մնալով մասնագիտական գնահատականներից, այնուամենայնիվ, նկատում է՝ սոցիալական, ընդհանուր հոգեբանության այն տիրույթը, որը  բացվում է նրա ստեղծագործական  գործունեության ընթացքում, այն մոտեցումները, որոնք նա հնարավորություն է տալիս  տեսնելու մարդու մեջ՝ հոգեկան, իմացական գործընթացների, հոգեվիճակների, անձի հատկությունների բնութագրումներում, քիչ բանաստեղծների մոտ ենք հանդիպում։

Սրբուհի Գևորգյանի դիտարկմամբ՝ վերլուծահամադրական կարողությունները և խոհափիլիսոփայական մոտեցումները բնորոշ են նրա յուրաքանչյուր ստեղծագործության, իսկ միջգիտակարգային տեսանկյունից՝ բանաստեղծների մեջ չկա մեկը, որն այդքան ճշգրիտ, հստակ, լուրջ չափանիշներով է  բնութագրում իրադրության հոգեբանությունը։ Նա հույս հայտնեց, որ գիտաժողովը կօգնի բացահայտել մեծ գրողին՝ այդքան հին և այդքան նոր։

Լիագումար նիստում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը կենսագրական որոշ տվյաներ ներկայացրեց գրողի կյանքից՝  Սևակին բնութագրելով  ոչ միայն խոշոր և իր կենդանության օրոք  դասական դարձած  բանաստեղծ, այլև գրական կյանքին ակտիվ մասնակցություն ունեցած անհատ, գիտնական-գրականագետ և ակտիվ հասարակական գործիչ։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավով նկատեց՝ պոեզիայի հանդեպ հետաքրքրությունն է նվազել մեզանում․ լիահույս է՝ նման ձեռնարկները   մարդկանց կբերեն  դեպի գրականություն։ Բանախոսը  խոսեց կառույցի կողմից տարվա ընթացքում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, ապա մանրամասներ ներկայացրեց Սևակի՝ գրողների միության քարտուղար լինելու տարիների, գործունեության մասին։

Ձեռնարկը ողջունեց նաև Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը  նաև Սևակի տուն-թանգարանի տնօրենն է։ Նա  ներկայացրեց Հայաստանում և  Սփյուռքում տարվա ընթացքում գրողի 100-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփ տեղեկատվությունը, ընդգծեց՝ հրատարակվել են գրքեր, «Անլռելի զանգակատուն» պոեմն ամբողջությամբ թարգմանվել է պարսկերեն,   Սոս Սարգսյանի անվան թատրոնում բեմադրվել է «Մարդը ափի մեջ» ներկայացումը, նկարահանվել են  ֆիլմեր։  Սևակ Ղազարյանը տեղեկացրեց, որ  առաջիկայում 3 հատորով տպագրվի Սևակի մատենագիտությունը․ նախատեսվում է 12 հատորով տպագրել Սևակի գրական ժառանգությունը, որը կներառի  տպված և անտիպ ստեղծագործություններ, գիտական աշխատանքներ, թարգմանություններ և այլն։ Գրողի թոռը վստահ է՝ գիտաժողովը նոր խոսք է լինելու սևակագիտության ասպարեզում։

«Պարույր Սևակը մեծ նորարար է, որն իր բանաստեղծական խոսքով շրջադարձ կատարեց 20-րդ դարի երկրորդ կեսի հայ բանաստեղծության մեջ և կանգնեց հայ գրականության դասականների առաջին շարքում։ Նրա նորարարության հիմքում հայ միջնադարյան մեծ մտածողների ելակետային դրույթները, հայ ժողովրդի դարավոր պատմության խոր իմացությունը, համաշխարհային գրականության՝ Արևելքի և Արևմուտքի մտածողների՝ մարդկությանը ժառանգած մտավոր հարստությունն է»,-իր զեկույցում նշեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ու հավելեց՝ Սևակը համարձակ բանաստեղծ է․ նա իր ստեղծագործությամբ կոտրեց շատ կարծրատիպեր և թողեց հետևորդների մեծ բանակ։

Պարույր Սևակի պոեզիայի գրապատմական նշանակությանն անդրադարձավ ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը։

Պրոֆեսորն ընդգծեց՝  Սևակը հայ բանաստեղծության 20-րդ դարի երկրորդ կեսի հզորագույն երևույթ էր, գրական հայտնություն, ով բերեց  գաղափարների միակողմանի մոտեցումները հաղթահարելու ճանապարհներ։ Սուրեն Դանիելյանի դիտարկմամբ՝ Պարույր Սևակին հոգեկիցներ կարելի է համարել Զահրատին ու Զարեհ Խրախունուն, ինչը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու՝ որքան էլ միջավայրերը տարբեր, հայ գրականության ընթացքները մեծ հաշվով միասնական հունի մեջ կարելի է տեսնել։

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն էլ նշեց՝ 20-րդ դարի բանաստեղծ Պարույր Սևակին նվիրված հուշագրական էջեր են գրվել, որոնց հեղինակները հիմնականում գրողի ժամանակակիցներն են, որոնք սիրով ու ջերմությամբ են կերտել նրա դիմանկարը․ «Հուշագրության մեջ Սևակը բնութագրվում է տարբեր համեմատություններով, շրջասույթներով, գրողի դիմանկարի  ձևավորման գործում բացառիկ արժեքներ են ստանում  գոյականներն ու ածականները»։

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում։ Երկօրյա գիտաժողովում մեր երկրի գիտակրթական կառույցների ներկայացուցիչները կանդրադառնան Պարույր Սևակի գեղարվեստական, գիտական ժառանգությանը, նրա ստեղծագործության գրական առնչություններին, կբացահայտնեն Սևակին՝ արվեստում և վեր կհանեն  սևակագիտության արդի խնդիրները: