ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սևան, Գառնի...«Ամառային դպրոց 2019» ծրագիրը մոտենում է ավարտին
19.08.2019
Սևան, Գառնի...«Ամառային դպրոց 2019» ծրագիրը մոտենում է ավարտին

Արդեն 1 շաբաթ է` «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրի շուրջ 60 մասնակից վայելում է հայկական հյուրընկալությունն ու երկրի գեղեցիկ բնությունը, մասնակցում դասախոսությունների, քննարկումների:

Աբովյանականների և ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ`օտարազգի ուսանողներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, եղան նաև Գեղարդի վանքային համալիրում: Վերջինս ներկայացրեց Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարի մասին, խոսեց նշանավոր հուշարձանի առանձնահատկությունների մասին և այլն: 

Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ուսանողուհի Քրիստինա Սաֆարովան aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ Գառնին առաջին հայացքից նմանեցրել է  հունական կառույցներին, ապա հավելեց. «Այն հնագույն մշակույթի յուրահատուկ օրինակներից է, ուր ես ունեցա աննկարագրելի զգացողություններ»:

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակից ուսանողների հերթական կանգառը Սևանա լիճն էր: Հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացնելուց հետո, ուսանողներն այցելեցին Սևանավանք: Օտարազգի ուսանողներին հետարքրում էին հատկապես այն պատմական իրադարձությունները, որոնք կապված էին վանքի հետ։ 

«Ինձ զարմացրեց լճի մեծությունը. երբեք չէի տեսել այնքան մեծ լիճ, որքան Սևանն էր։ Իսկապես, հրաշալի էր Սևանավանքից նայել լճին, որովհետև տարբեր կողմերից լիճը կարծես յուրահատուկ երանգներ ստանար»,-նշում է  Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանող Տատյանա Ռոիտինսկայան, ապա վստահեցնում, որ Հայաստան գալու դեպքում, կրկին այցելելու է Սևան։

«Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրի ավարտին մնացել է ամենատարբեր ձեռնարկներով, այցերով ու քննարկումներով հագեցած ևս երկու օր, որին կհաջորդի ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: