ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շահույթ չհետապնդող մեդիա․ դասընթաց Մանկավարժական համալսարանում
08.05.2024
Շահույթ չհետապնդող մեդիա․ դասընթաց Մանկավարժական համալսարանում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այսօր ձեռնարկ իրականացրեց Մանկավարժական համալսարանում։ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում համալսարանում հյուրընկալվեց և դասընթաց անցկացրեց խորվաթ հետազոտող, խմբագիր Լելա Վուջանիչը։

Նա շահույթ չհետապնդող բազմաթիվ մեդիա նախագծերի և նախաձեռնությունների հեղինակ է՝ ինչպես տպագիր, այնպես էլ թվային հարթակներում։ Դրանք ուղղված են սոցիալական շարժումներին, սոցիալական իրավունքներին և ժամանակակից մշակույթին:

«Բիզնես մոդելների համադրումը խմբագրական անկախության հետ» դասընթացի թեմայի շրջանակում նա խոսեց շահույթ չհետապնդող մեդիայի մասին։ Հեռուստառադիոլրագրության բաժնի 2-4-րդ կուրսերի ուսանողներին բանախոսը ներկայացրեց ոչ առևտրային մեդիայի պատմությունը, անհրաժեշտությունն ու նպատակները։ Խոսեց ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զարգացող և շահադիտական նպատակներ չհետապնդող մեդիայի մասին։

Տեղի ունեցավ շահագրգիռ և բովանդակալից քննարկում։ Իսկ վերջում Լելա Վուջանիչը առաջարկեց ուսանողներին մտածել իրենց հետաքրքրող, բայց մեդիայում չհանդիպող կամ քիչ հանդիպող թեմաների շուրջ։ Նա, ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը, առաջարկեց օգտագործել ուսանողական տարիներն ու սկսել հանրօգուտ մեդիա ծրագրեր իրականացնելուց։