ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և «Կասպարով» շախմատային հիմնադրամի համագործակցությամբ կայացավ «Շախմատը կրթության մեջ․ մեթոդաբանություն և հեռանկարներ» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը։ Ձեռնարկն անցկացվեց անգլերեն և իսպաներեն։
Գիտաժողովի նպատակն էր կիսվել կրթական համակարգում շախմատի ինտեգրման մարտահրավերների և հնարավոր լուծումների մասին գաղափարներով, մանկավարժների և պրակտիկ աշխատողների համար ապահովել հարթակ՝ կիսվելու հետազոտություններով, ծանոթանալու ոլորտի առաջադեմ զարգացումներին։
Առցանց գիտաժողովը բազմազգ էր․ այն համախմբել է հարյուրավոր մասնակիցների։ Հարթակին միացել և գիտաժողովի 5 ժամերի ընթացքում կայուն հետաքրքրություն դրսևորեցին մասնակիցներ շուրջ 50 երկրից։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող գիտաժողովին զեկույցներով հանդես եկավ 18 ներկայացուցիչ՝ 12 երկրից, այդ թվում՝ ՀՀ, Բրազիլիա, Կոլումբիա, Իտալիա, Հունաստան, Իսպանիա, Շրի Լանկա, Ֆիջի, Հնդկաստան, ԱՄՆ, Վենեսուելա, Պերու։
Գիտական ձեռնարկի հիմնական ուղղություններն էին շախմատի արդյունավետ ուսուցման մեթոդները, շախմատը ներառական, նախադպրոցական կրթության համակարգերում, շախմատի ուսուցիչների պատրաստման և մասնագիտական զարգացման տեսությունն ու պրակտիկան:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց «Կասպարով շախմատային հիմնադրամ»-ի հիմնադիր, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, որը հիշեցրեց՝ դեռևս 2012 թվականին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել «Շախմատը դպրոցներում» ծրագրին, որը բեկումնային նախաձեռնություն էր։ Ընդգծեց՝ ուսումնական նորարարական ծրագրերի, ուսուցիչների վերապատրաստման նախաձեռնությունների, զանգվածային ջանքերի համադրման, տարբեր կառույցների հետ համագործակցության շնորհիվ ֆեդերացիան զգալի հաջողություններ է գրանցել շախմատի փոխակերպող ուժը փոխանցելու, առավելությունները հանրահռչակելու գործում։
«Ինչու՞ է շախմատն անհրաժեշտ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում» հարցին՝ Գարրի Կասպարովը պատասխանում է, եթե նախկինում այն հայտնի էր որպես արքաների խաղ, ապա այսօր տալիս է բոլոր այն որակները, որոնք անփոխարինելի են ժամանակակից հասարակությանը անորոշություններին դիմագրավելու համար․«Շախմատը պահանջում է մտքի ճարպկություն, քննադատաբար մտածելու կարողություն և դժվարություններին դիմակայելու տոկունություն։ Այն զարգացնում է հմտություններ, որոնք սովորեցնեում են ընդունել անորոշությունը, դիմակայել անհայտին՝ նպատակի հստակությամբ և անսասան վճռականությամբ»:
Բանախոսն իր խոսքում հավելեց նաև, որ յուրաքանչյուր անհաջողություն, պարտություն շախմատի խաղատախտակի վրա, աճի, սխալներից դասեր քաղելու և ավելի ուժեղանալու հնարավորություն է։ Աշխարհում, որտեղ անհաջողությունները հաճախ խարանվում են, շախմատը սովորեցնում է ընդունել ձախողումը որպես ուսուցման գործընթացի բնական մաս, քայլ՝ դեպի վարպետություն տանող ճանապարհին․ «Շախմատը գերազանցում է լեզվի, մշակույթի և գաղափարախոսության պատնեշները, միավորում խաղացողներին, սովորեցնում թիմային աշխատանքի, նպաստում լուծելու բարդ խնդիրներ, ուժեղացնում ընդհանուր ճանաչողական գործառույթը»,-հավելեց շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն ու հորդորեց օգտագործել շախմատի ողջ ներուժը՝ անհատին հզորացնելու, համայնքները հարստացնելու և ավելի պայծառ ապագա կառուցելու համար:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու իր խոսքում ընդգծեց գիտաժողովը համաշխարհային նշանակությունը, որի շուրջ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։
Պրոֆեսոր Գևորգյանը հավելեց՝ այս անգամ այն աչքի է ընկնում գիտական ուղղվածությամբ, տեխնոլոգիական որոշ նորարարություններով և յուրատեսակ թեմատիկայով․« Ձեռնարկն ընդգրկում է շախմատի ուսուցման արդի հիմնախնդիրները և դրանց շուրջ առաջարկվող լուծումները՝ մատնանշելով մեզանում և արտերկրում առաջացած խնդիրների ընդհանրություններն ու տարբերությունները։ Խիստ խմբագրական մոտեցումների և ակադեմիական բարձր չափանիշների շնորհիվ՝ այս տարի անցկացվող գիտաժողովը ձեռք է բերել հստակ հետազոտական ուղղվածություն, իսկ ուղղությունները դարձել են ավելի կոնկրետ, պրոբլեմային կողմնորոշվածությամբ»:
Ռեկտորը նկատեց՝ ինչպես ցույց է տալիս փորձը՝ ավանդական այս գիտաժողովները ոգեշնչում են մասնակիցներին, հնարավորություն տալիս կառուցողական արձագանք ստանալ գործընկերներից և փորձագետներից, բարելավել հետազոտության մեթոդաբանությունը, գլոբալ կրթության մարտահրավերների և լուծումների վերաբերյալ ըմբռնումները։
Ըստ նրա, ձեռնարկը նպաստում է մանկավարժների և հետազոտողների հետ շփման միջոցով մոտիվացիայի բարձրացմանը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությանը․ մասնակիցները գիտակցում են այն մարտահրավերները, որոնց բախվում են մանկավարժներն ամբողջ աշխարհում և ուսումնասիրում դրանց հնարավոր լուծումները։
«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գրոսմայստեր, ՀՊՄՀ Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը ևս կարևորեց գիտաժողովում ներկայացված հետազոտական աշխատանքները։ Կարծում է, որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի հասկանալ աշխարհում շախմատի՝ կրթության համակարգում ունեցած անգնահատելի դերն ու նշանակությունը։
Սմբատ Լպուտյանն ընդգծեց՝ արդեն 10 տարի Հայաստանում գործում է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, կատարելով ոլորտում խորքային հետազոտություններ, իսկ 13 տարի «Շախմատ» առարկան դասավանդվում է մեր երկրի հանրակրթական բոլոր դպրոցներում․«Ուրախ եմ, որ մեր հետազոտությունները նպաստում են հասարակության մտքի կայացմանը։ Ավելի քան 15 տարի զբաղվում ենք «Շախմատը կրթության մեջ» ծրագրի զարգացման աշխատանքով․այդ ընթացքում կատարված հետազոտություններն ավելի են իմաստավորում շախմատի տարածման կարևորությունն աշխարհում։ Կարծում եմ, որ զեկույցները կնպաստեն կրթության մեջ լավ որակների տարածմանն ու դրական կանդրադառնան աշխարհի քաղաքացու մտածելակերպի և տեսակի ձևավորման գործում»։
«Կասպարով շախմատային հիմնադրամ»-ի նախագահ Միխայիլ Խոդարկովսկին ընդգծում է՝ շախմատը պարզապես խաղ չէ․այն դպրոցի համար հսկայական ներուժ է, հզոր կրթական գործիք, որը խթանում է քննադատական մտածողությունը, զարգացնում տրամաբանական դատողությունը, ստեղծարարությունը, սովորեցնում կանխատեսել հետևանքները, վերլուծել բարդ իրավիճակներն ու կայացնել հիմնավոր որոշում:
Բանախոսը նկատում է՝ ուսումնական ծրագրում շախմատի ընդգրկմանը պետք է մոտենալ զգուշավորությամբ՝ ստեղծելով միջավայր, որտեղ ուսանողներն իրենց ապահով են կզգան ուսումնասիրելու և սովորելու, ոչ թե կենտրոնանալու բացառապես հաղթելու կամ պարտվելու վրա․ «Շեշտը պետք է դրվի ուսման գործընթացի և անձնական աճի վրա: Այս միջավայրում ուսանողներին խրախուսվում է ռիսկի դիմել, փորձարկել տարբեր ռազմավարություններ և սովորել իրենց սխալներից՝ չվախենալով քննադատություններից»,-հավելեց նա։
Միխայիլ Խոդարկովսկին շախմատը ուսումնական ծրագրում ներառելը կարևորեց նաև կրթական գործընթացում ծնողների ներգրավվածության և աջակցության տեսանկյունից․ «Մենք կարող ենք օգտագործել շախմատի փոխակերպող ուժը դաստիարակելու քննադատ մտածողների, խնդիրներ լուծողների և կարեկցող առաջնորդների հաջորդ սերունդ: Եկեք միասին ընդունենք շախմատ վեհ խաղը՝ որպես մեր կրթական փիլիսոփայության հիմնաքար»,-ամփոփեց նա։
Գիտաժողովին ՇԳԻ –ի հետ համագործակցության մասին իրենց տպավորություններով կիսվեցին նաև ինստիտուտի արտասահմանյան գործընկերները Սինգապուրից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։
«Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողովի լիագումար՝ «Շախմատ խաղալ սովորելու արդյունավետ մեթոդները» նիստում զեկուցողները, որոնց թվում էին նաև ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներ, անդրադարձան շախմատի՝ որպես ուսուցողական գործիքի կիրառման, խաղալ սովորեցնելու դեպքում կյանքի սերտած դասերին, հիմնական դպրոցում շախմատի՝ որպես դպրոցական առարկայի դասավանդման համատեքստում նախագծային ուսուցման իրականացման հեռանկարներին և առանձնահատկություններին։ Բացի այդ, անդրադարձ կատարվեց նաև շախմատի ուսուցման ընթացքում մինի խաղերի կիրառմանը, ինչպես նաև շախմատ դասավանդողների փորձառություններին, ոլորտի դիմակայման մարտահրավերներին։
Առցանց գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում․ «Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար շախմատի ուսուցումը և շախմատը նախադպրոցական կրթական համակարգում» մասնաճյուղի զեկուցողներն անդրադարձան երիտասարդ և մեծահասակ խաղացողների շրջանում «աչքերը կապած շախմատ խաղալու մարտավարության» լուծման օգտակար արդյունքին, շախմատին՝ ներառականության մեջ, շախմատի՝ էլեկտրոնային խաղերի միջոցով նախադպրոցական տարիքի երեխայի ալգորիթմիկ մտածողության զարգացմանը, երեխաների մետա- կարողությունների ձևավորմանն ուղղված ինտելեկտուալ խաղերի մեթոդաբանական հիմքերին և այլն։
Շախմատի ուսուցման մեջ թվային տեխնոլոգիաների գործածման, շախմատի ուսուցման ամրապնդմանն ինտերակտիվ դասավանդման ռազմավարություններին, աշակերտների կամ ուսանողների վերաբերմունքի ազդեցությունը շախմատում խնդիրների լուծման կատարողականի վրա ուսումնասիրությունը ներկայացրին «Շախմատի ուսուցիչների վերապատրաստում և մասնագիտական զարգացում» մասնաճյուղի զեկուցողները։
Գիտաժողովն ընթացավ տեսանյութերի դիտմամբ, մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և մասնագիտական քննարկումներով։
Ամփոփելով գիտաժողովը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ ունեցանք առաջանցիկ զարգացումներ մի քանի ուղղություններով՝ սկսած մասնակիցների կազմից մինչև մասնագիտական հետաքրքրությունների ընդլայնում և խորացում։
Նա կարևորեց նաև, որ տրամաբանական սխեմաներով կառուցված զեկուցումները հնարավորություն են տալիս հետագա հայեցակարգի մշակման՝ ի հաշիվ ոչ միայն դասավանդման մեթոդիկայի կատարելագործման, այլև մուլտիդիսցիպլինար հիմքերի ամբողջացման․«Գիտաժողովի նյութերի վերլուծությունը ցույց տվեց, որ զեկույցները միտված են ուժեղացնելու եզրակացությունների ապացուցողականությունն ու հետազոտությունների հավաստիությունը։ Գիտաժողովի մասնակցայնությունն ընդգրկել է աշխարհի բոլոր մայրցամաքները, իսկ ներդրված ակադեմիական չափանիշների շնորհիվ այն ձեռք է բերել հստակ հետազոտական ուղղվածություն, ավելի կոնկրետ պրոբլեմային կողմնորոշվածությամբ։ Հստակ ընդգծված են դասավանդման նոր և հավաստի մեթոդները, իսկ հետազոտությունների բովանդակությունն ընդգրկում էր ոչ միայն կրթության 3 մակարդակները՝ նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական, այլև հետբուհական և շարունակական կրթության ոլորտները»,- նշեց Սարգսյանն ու գիտաժողովի կարևոր հաջողություններից, համալսարանի գործունեության նորարարություններից մեկն էլ համարեց հաջողությամբ ինտեգրված, գործընթացում արհեստական բանականության կիրառումը։
Նշենք, որ գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի երաշխավորությունը ստացած զեկուցումներն առաջիկայում կհրատարակվեն «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրում։