ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ» հանձնաժողովի (EDU) և ՀՊՄՀ-ի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց երկօրյա գիտաժողովը՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն էին շախմատի սոցիալական և հոգեբանական ասպեկտները, ուսուցման մեթոդաբանությունը, շախմատի և ներառական կրթության, մանկավարժների պատրաստման հիմնախնդիրների, գենդեր-զգայուն մանկավարժության հետ հարցերի հարաբերակցությունը։
Գիտաժողովի աշխարհագրությունը լայն է. 40 ներկայացուցիչ՝ աշխարհի 20 երկրներից, այդ թվում` Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, Աֆրիկա և այլն։
«Արդեն ավանդույթ դարձած գիտաժողովը ստացված սկիզբ ու նախապատմություն ունի. այսօրվա մասնակիցներից շատերը եղել են նաև նախորդ գիտաժողովներին: Ուրախ եմ, որ առաջիկա երկու օրերին կրկին հնարավորություն կա կիսվելու փորձով, ոմանք՝ պրակտիկ մտահաղացումներով, քննարկել կրթության մեջ շախմատի ամենաակտուալ զարգացումները: Կարծում եմ, որ արդեն ստանդարտ, ավանդական հարցերից՝ շախմատի ուսուցման մեթոաբանության վերաբերյալ, կքննարկվեն նաև այլ կարևոր հարցեր, այդ թվում՝ ծրագրին հատուկ կարիքներով երեխաների ներգավվածությունը, շախմատում աղջիկների և տղաների ուսուցման առանձնահատկությունները և այլն»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նշեց ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչն ու շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ կարևոր գործը շարունակելու համար:
ՖԻԴԵ-ի նախագահն ընդգծում է՝ աշխարհի շատ երկրներ վերջին տարիներին պետական մակարդակով են կարևորում շախմատը կրթության մեջ, իսկ որոշ դեպքերում՝ այն կրթության անքակտելի մաս է: Այդ առումով, նա կարևորեց Հայաստանի փորձը, որն առաջին երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է:
Լավագույն փորձի կուտակում, մեթոդաբանության վերանայում, թրեյնինգների, սեմինարների կազմակերպում. Արկադի Դվորկովիչը վստահեցնում է՝ իր ղեկավարած կառույցի գործունեությունը լավագույնս դրսևորվում է այն երկրներում, որտեղ կա համակարգային մոտեցում:
Ամփոփելով իր ելույթը՝ ՖԻԴԵ-ի նախագահը հույս հայտնեց, որ շախմատով հետաքրքրված երեխաները հետագայում կդառնանա մրցունակ և պրոֆեսիոնալ շախմատիստներ:
«Երեխայի համար շախմատը կարևոր է ոչ միայն ընդհանուր զարգացվածության, քննադատական մտածողության կամ մաթեմատիակական ընդունակություններ ձևավորելու, այլև կենտրոնացման, պատասխանատվության զգացումի, պարտվել կարողանալու տեսանկյունից»,-նկատում է Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու իր դիտարկումներն անում երեխաների կյանքում շախմատի դերի մասին:
«Շախմատ» առարկան պարտադի՞ր, թե՞ ֆակուլտատիվ. Վլադիմիր Կրամնիկը կարծում է, որ խնդրին պետք է մոտենալ տվյալ երկրում շախմատի կարևորության տեսանկյունից:
Վերջինս ընդգծեց նաև հասարակության շրջանում շախմատի հանրահռչակումը՝ վստահեցնելով՝ կատարած ներդրումը ժամանակի ընթացքում կարդարացվի:
ՖԻԴԵ-ի կառավարման գծով տնօրեն, կին գրոսմայստեր Դանա Օզոլան խոսեց կառույցի՝ որպես միջազգային կազմակերպության կարևոր դերակատարման մասին, աշխարհում շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու առումով:
Վերջինս վստահ է՝ նոր տեխնոլոգիանների կիրառումը կբարձրացնի շախմատի նկատմամբ հետաքրքրվածությունը, ոչ միայն որպես սպորտաձևի, այլև սոցիալական կարևորության հարցերի լուծման տեսանկյունից:
Դպրոցներում պետք է դասավանդեն պրակտի՞կ շախմատիստները, թե՞ ուսուցիչները. Դանա Օզոլան կարծում է, որ սա շախմատային քաղաքականության մեջ կարևոր հարցադրում է.«Մենք նաև սովերոցնում ենք նրանց, ովքեր սովորեցնում են ուսուցիչներին լինել առավել փորձառու: ՖԻԴԵ-ն պետք է լինի գիտելիքի, նոր մեթոդների մշակման կենտրոն, որին կձգտի հասարակությունը»:
«Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց երկօրյա գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը և մեծ պատիվ համարեց, որ իր ղեկավարած կառույցն արդեն իսկ ավանդական դարձած գիտաժողովի կազմակերպիչներից է:
«Համաշխարհային ճանաչում ունեցող շախմատիստների մասնակցությունը գիտաժողովին վկայում է այն մասին, որ շախմատային կրթության ապագային այսօր շատ մեծ ուշադրություն է հատկացվում: Բոլորիս միավորում է մեկ նպատակ՝ շախմատի միջոցով ձևավորել գրագետ, բանիմաց և լայն մտահորիզոնի տեր երիտասարդ սերունդ: Գիտաժողովի մասնակցիները հնարավորություն կստանան հանգամանալից քննարկել «Շախմատ» առարկայի դասավանդումը, իսկ այդ քննարկումների առանցքում կարող են լինել այնպիսի արդի խնդիրներ, ինչպիսիք են՝ նախադպրոցական և դպրոցական տարիքում շախմատային հմտությունների և կարողությունների ձևավորումը, առարկայի մոտիվացնող սոցիալականությունը, առկա մանկավարժական և մեթոդական նյութերի որակը, շախմատի հիբրիդային և հեռավար ուսուցման նոր մոտեցումները և այլ հարցեր»,- նշեց Սրբուհի Գևորգյանը:
ՀՊՄՀ ռեկտորը վստահ է՝ մասնակիցները չեն շրջանցի նաև շախմատի դասավանդման որակին առնչվող հարցերը, համալսարանական կրթության շրջանակներում «Շախմատ» գիտակարգի կայացումը, ինչպես նաև աշխարհի համալսարաններում շախմատի դասավանդման մոդելի ձևավորումը:
«Թվարկված խնդիրները, անշուշտ, բարդ են, սակայն անչափ կարևոր կրթական համակարգի համար,: Ներկայումս մենք շարունակում ենք որոշ շտկումներ մտցնել ոչ միայն դասավանդման մեթոդիկայի և դրա մանկավարժահոգեբանական հիմքերում, այլև ձգտում ենք կիրառել մի շարք նորարական սկզբունքներ»:
Սրբուհի Գևորգյանը, որպես հոգեբան, վստահ է՝ շախմատի դասավանդումը կոչված է զարգացնել դեդուկտիվ և ինդուկտիվ մտավոր գործունեության բոլոր տեսակները, սինթեզին և անալիզին առնչվող մտավոր գործունեությունը.«Նորին մեծություն շախմատը ոչ միայն նպաստում է մնացած բոլոր առարկաների յուրացմանը, այլև կրթական համակարգի շարժիչ ուժն է: Այս ամենին մենք այսօր ականատես ենք լինում ՀՀ դպրոցներում: Շախմատի արդյունավետության վկայությունն են նաև միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտների գրանցած հաջողությունները»,-ամփոփեց ռեկտորը:
ՖԻԴԵ-ի Շախմատը կրթության մեջ հանձնաժողովի նախագահ, գրոսմայստեր, ՀՊՄՀ Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը, ամփոփիչ ելույթում հետաքրքրական համարեց այն, որ թեպետ մեծ քարոզչություն չի տարվում, սակայն ամբողջ աշխարհում շախմատը դառնում է կրթության կարևոր մաս:
Վերջինս նկատում է ՝ աշխարհի բոլոր անկյուններում շախմատը դարձել է պիտանի և կարևոր: Վստահ է՝ շախմատն իր պտուղները կտա աշխարհին՝ այն դարձնելով ավելի լավը:
«Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողովի մասնակիցները, որոնց շարքում էին նաև ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներ, իրենց զեկույցներում անդրադարձան շախմատի դասավանդման՝ ռեֆլեկսիվ-գործնական մոտեցման վրա հիմնված մեթոդադաբանությանը՝ ուղղված աշակերտների ընդհանուր զարգացմանը, շախմատային նյութի յուրացման ընթացքում սովորողների էմոցիոնալ ինտելեկտի զարգացմանը նպաստող խաղային վարժություններին, շախմատի դասավանդման ընթացքում ուսման նկատմամբ մոտիվացիա առաջ բերող մեթոդների արդյունավետությանը, իմացական ոճերի հոգեբանական վերլուծությանը:
Զեկույցներ եղան նաև շախմատի ինտեգրված դասավանդման, շախմատի դասի՝ ռեֆլեկսիվ-գործնական մոտեցման վրա հիմնված պլանավորման, շախմատի ուսուցման և ուսանելու մեթոդիկայի, «Շախմատ» առարկայի ուսուցման/ուսանելու ժամանակ ACT մոդելի կիրառման, ուսանողների ՝ շախմատի դասերի նկատմամբ վերաբերմունքի ազդեցությանը շախմատային հմտությունների գնահատման վրա և այլն:
«Շախմատը կրթության մեջ» միջազգային առցանց գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը: