ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավոր Ապրիլի 7
07.04.2018
Շնորհավոր Ապրիլի 7

Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ միջոցառում էր կազմակերպվել Մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցում:
3ա դասարանի աշակերտները բանաստեղծություններով, երգերով ու պարերով շնորհավորեցին մայրերին՝ իրենց համար աշխարհի միակ հրաշալիքներին:

«Կեցցեն մայրերը, որ մեղմ ու բարի ժպիտով շունչ ու ուժ են տալիս ամենքին այնպես, ինչպես գարունն է զարթոնք պարգևում բնությանը»,-նշեցին աշակերտներն ու առանձին-առանձին շնորհակալության և խոնարհումի խոսքեր հղեցին ներկաներին:
Դպրոցահասակ երեխան արդեն շատ լավ գիտակցում է «մայր» բառի զորությունն ու ուժը, անփոխարինելի իմաստն ու սիրո անսահման չափը: Միջոցառման հիմքում մայր-գարուն համամետությունն էր, ուր երեխաների համար կար մեկ պարզ ճշմարտություն՝ մայրերը գարուն են իրենց ողջ հմայքով, գեղեցկությամբ, բույրով ու գույներով:

Մանկան մաքուր ու ջինջ շուրթերից հնչեցին անկեղծ մաղթանքներ, ցանկություններ ու խոստումներ՝ իրականացնել ծնողների նվիրական երազանքներն ու տոն դարձնել տարվա բոլոր օրերը:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը միացավ երեխաների բարեմաղթանքներին և նշեց, որ միջոցառումը կանանց միամսյակի փառահեղ փակում էր:

«Երեխաներից յուրաքանչյուրը մի արև է. նրանց մեջ կա սեր, նվիրում և անկեղծ լինելու անափ ցանկություն: Նրանք այսօր կարողացան հուզել և հուզվել, քանի որ քաջ գիտակցում են՝ հարուստ են իրենց մայրերով»,-նշեց Նաիրա Տողանյանն ու շնորհակալություն հայտնեց դասվար Աննա Գրիգորյանին՝ նման գեղեցիկ տոն-հանդես պարգևելու համար: