Ի նպաստ ապագա մանկավարժների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման․․․
Մանկավարժներին է վստահված սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, որն անձնվեր աշխատանք և անսպառ նվիրում է պահանջում։
Սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի, գրի և դպրության օրը, Մանկավարժական մայր բուհն իր դռները բացեց առկա բակալավրիատի շուրջ 600 ուսանողի առջև՝ խոստումով՝ դժվարին, բայցև պատվաբեր մասնագիտության կրողները կստանան որակյալ կրթություն, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, կլինեն բանիմաց և հայրենասեր։
10 ֆալուլտետների դեկանները, փոխդեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները շնորհավորեցին աբովյանականներին, ներկայացրին ֆակուլտետների առանձնահատկությունները և հիշեցրին՝ մանկավարժը եղել և մնում է հոգևոր, բարոյական արժեքների կրողն ու տարածողը։
Սկզբնական կրթության ֆակուլտետի նորեկների մուտքը նշանավորեց գիտության ծառի վրա սեփական մատնահետքը թողնելու խորհրդանշական արարողությամբ և այն հստակ պարտավորությամբ, որ կատարելու են սերունդների առջև, որոնց կրթելու են։
Դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին մանկավարժական մայր բուհ ընդունվելու և մանկավարժի մասնագիտությունն ընտրելու համար․ այն համեստ մասնագիտության, որի շնորհիվ կրթվում և ձևավորում են մյուս մասնագիտությունների կրողները։
Դեկանը ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտություններն ու նկատեց՝ ամենապատասխանատու օղակն են․ դնում են կրթության հիմքերը, իրականացնում դաստիարակության դժվարին գործը, իսկ շատերի համար ընդունելի անձնային ու մարդկային որակները մասնագիտական դարձնում։
Անկեղծորեն խոստովանում է՝ այսօրվանից գործընկերներ են․ երկուստեք կանեն հնարավորը՝ մոտիվացիայի, զարգացման և առաջընթացի համար։
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քնարիկ Հովհաննիսյանն առաջին կուրսեցիների հետ հանդիպմանն անկեղծանում է՝ դեռ առաջին օրն իրենց վարքագծով տարբերակել է Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներին, իսկ վարքագիծը երբեմն առավել արժեքավոր է, քան գիտելիքն ու կարողությունները։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը նկատում է՝ Մանկավարժականն ավարտում են մասնագետ դարձած․ դրա համար արվում է հնարավորն ու անհնարինը՝ ի նպաստ ուսանողի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորման։
Արմենուհի Մանուկյանը հորդորեց ուսանողներին, որ միշտ ժպտան և այդ ժպիտից չզրկեն նաև այն երեխաներին, որոնց ապագայում դաստիարակելու են․ մանկությունն ամենակարևոր շրջանն է. «Միասին անցնելու ենք մի կյանք, ճանապարհ, որը հետագայում դուք կհիշեք որպես ձեր կյանքի լավագույն տարիներ։ Ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա, ումից ցանկանում են սովորել»,- հիշեցրեց Մանուկյանն ու բարի երթ մաղթեց առաջին կուրսեցիներին։
Ուսանողներին ողջունեցին նաև Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Դիանա Մարկոսյանը, Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի առաջին տեղակալ Լիլիթ Գրիգորյանը, Սկզբնական ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմինե Դալլաքյանը։
Հանդիպման ավարտին ֆակուլտետի ուսանողական կառույցի ներկայացուցիչները ձեռնունայն չթողեցին աբովյանականներին․ ավանդույթի համաձայն, օրվա խորհրդին համահունչ, գրիչներ նվիրեցին՝ մաղթելով արգասաբեր ուսումնական տարի։
Դիմավորեցին ընդունելության 40-րդ տարվա ուսանողներին
Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմը 40-րդ անգամ դիմավորեցին առաջին կուրսեցիներին։
‹‹Դուք ընտրել եք ամենամարդասիրական և բարդ մասնագիտություններից մեկը։ Հատուկ մանկավարժությունը մեր ֆակուլտետում թողարկվող մասնագիտություններով ունի տարբեր մասնագիտացումներ։ Տարիներ շարունակ պատրաստում ենք լոգոպեդներ, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ, վերականգնողական թերապիայի մասնագետներ, էրգոթերապևտներ․մենք՝ բոլորս, հատուկ մանկավարժներ ենք››,-ուսանողների հետ հանդիպմանը նշեց ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանն ու մաղթեց ուսումնառության արդյունավետ տարիներ։
‹‹Դուք վերականգնելու եք մարդկանց առողջությունը, նրանց վերադարձնելու եք լիարժեք կյանք՝ սովորեցնելու խոսել, շփվել։ Չափազանց կարևոր մասնագիտություն եք ընտրել․ եզակի մասնագետներ եք դառնալու, հպարտացեք դրանով»,- միանալով օրվա առթիվ հնչած մյուս շնորհավորանքներին՝ նշեց Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ստեփան Գրիգորյանը։
Պրոֆեսոր Սպարտակ Փալիկյանը, որի ուսանողն է նաև ներկայիս դեկան Գոհար Հովյանը, հպարտությամբ տեղեկացրեց առաջին կուրսեցիներին՝ նրանք հոբելյանական՝ ընդունելության 40-րդ տարվա ուսանողներն են․‹‹Իսկական շքեղությունը մարդկային հաղորդակցման շքեղությունն է։ Դուք եք այդ հնարավորության ստեղծողները»,-ամփոփեց պրոֆեսորը։
Ուսանողներին ողջունեցին նաև դեկանի տեղակալներ Սուսաննա Մուրադյանն ու Ռուզան Մանուկյանը։
Կրթությունը կարող է փրկել աշխարհն ու մարդուն․․․
Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի, գրի և դպրության օրը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆալուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նշանակալի և կարևոր է համարում համայն հայության համար։
Դեկանը նկատում է՝ չնայած վերջին տարիներին փոխվել է հասարակության վերաբերմունքը կրթության նկատմամբ, սակայն կարևոր է գիտակցել, որ միայն լավ կրթությունը կարող է փրկել աշխարհն ու մարդուն։
Ռուզաննա Պետրոսյանը հիշեցնում է՝ ֆակուլտետի մասնագիտությունները ամենամարդասիրականների շարքում են․ գործ ունեն մարդու հոգական առողջության հետ․«Կարևոր է կրթվել, դառնալ մասնագիտության տերը, որով կերտելու եք նաև վաղվա ապահով ապագան։ Մենք ապրում ենք բարդ և անցումային ժամանակահատվածում, երբ պետք է ճանաչել նաև թվային աշխարհը, իրացվել այդ իրականությունում»։
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Խաչիկյանը նկատում է՝ պարզ ճշմարտություն է այն, որ ուսանողական տարիներն ամենահետաքրքրականն ու կարևորն են մարդու կյանքում։
Նա մաղթեց հաջողություններով լի տարիներ և հնարավորություն՝ վայելելու կրթության բերկրանքը․«Առավել մեծ երջանկություն չկա, քան այն, երբ ուսանողը կարողանում է վերցնել գիտելիք և գերազանցել ուսուցչին»,-նշեց նա։
Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լևոն Սարգսյանն էլ նկատում է՝ կյանքի կարևոր և հետաքրքիր շրջափուլի մեկնարկը տրված է, իսկ հոգեբանությունն այն բացառիկ գիտություններից է, որն ամեն րոպե փոխում և ձևավորում է նոր վերաբերմունք աշխարհի, կյանքի, սեփական անձի նկատմամբ։ Նա կարևորեց ինքնակրթությունն ու խորհուրդ տվեց չսահմանափակվել համալսարանական կրթությամբ։
Հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիները ծանոթացան նաև ֆակուլտետների կառուցվածքին, մասնագիտություններին և կրթական գործընթացի այլ մանրամասներին։