ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սիդնեյում կայացավ Արա Գևորգյանի համերգը
13.03.2017
Սիդնեյում կայացավ Արա Գևորգյանի համերգը

Օրերս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացավ ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Արա Գևորգյանի համերգը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին նվիրված համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի արցախյան ԶՈւ-ին:

Սա երաժիշտ, երգահանի երկրորդ համերգն էր Ավստրալիայում 2006 թվականից հետո: Համերգի ընթացքում հայ և օտարերկրյա հանդիսատեսին ներկայացվեց 21 ստեղծագործություն, հնչեցին նաև նոր կատարումներ, մասնավորապես՝ «Շուշի»-ն: Ի դեպ, վերջին ստեղծագործության կատարման համար հայ դհոլահարների հետ նվագակցում էր ճանաչված երաժիշտ, դարբուկահար Ռոնի Բառաքը:

Արա Գևորգյանի հետ Սիդնեյում էր նաև երգահանի 15 հոգանոց նվագախումբն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին նվագակցում էր տեղի Սիմֆոնիկ նվագախումբը, իսկ պարային բեմադրություններում Սիդնեյի պարախմբերից բացի, հանդես եկան նաև ԱՄՆ-ից ժամանած Վարդան և Սիրանուշ Գևորգյանների պարի ակադեմիայի պարուհիները:

Արա Գևորգյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում. «Մեծ էր նաև համերգին մասնակցել ցանկացողների թիվը: Այդ է պատճառը, որ առաջարկ ստացա համերգով հանդես գալ մեկ տարի անց»,-հավելեց երաժիշտը: