ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սիրելի դիմորդ, ծանոթացիր ՀՊՄՀ-ի մասնագիտություններին
09.05.2020
Սիրելի դիմորդ, ծանոթացիր ՀՊՄՀ-ի մասնագիտություններին

Սիրելի դիմորդ, շարունակում ենք ներկայացնել Մանկավարժական համալսարանի այն մասնագիտությունները, որոնց գծով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը կմեկնարկի մայիսի 25-ին։ Ի՞նչ քննություն է անհրաժեշտ հանձնել և որքա՞ն է ուսման տարեկան վարձը Ձեր ընտրած մասնագիտության համար՝ ծանոթացեք այս և հաջորդ նյութերում։

Շախմատ

Մանկավարժական համալսարանը միակ բուհն է, որ բակալավրի կրթական ծրագրով պատրաստում է Շախմատ առարկայի ուսուցիչներ։ Ընդունելության համար դիմորդը քննություն պետք է հանձնի Հայոց լեզու և գրականություն կամ Մաթեմատիկա առարկաներից (գրավոր) միասնական․ ընտրովի սկզբունքով երկու առարկաներից մեկը պետք է հանձնել միասնական համակարգով, մյուսը՝ մեկ աստղանիշով (*) ։ Ուսման տարեկան վարձը 350 000 դրամ է։

Այս մասնագիտությամբ ընդունելության կազմակերպումը նպատակ ունի պատրաստել շախմատի հմուտ ուսուցիչներ, ովքեր կզբաղվեն ՀՀ տարրական դպրոցներում շախմատի դասավանդմամբ, կկարողանան հետագայում իրենց փորձը փոխանցել շախմատը դպրոցական ծրագրում ընդգրկելու ձգտումն ունեցող արտասահմանցի գործընկերներին։ Մանկավարժական համալսարանում 2018 թվականից գործում է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որն իր տեսակով և գործունեության ուրույն ուղղվածությամբ առայժմ միակն է աշխարհում: Ինստիտուտն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

Ֆակուլտետը պատրաստում է ուսուցիչներ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությունների գծով:

Ֆիզիկա, Մաթեմատիկա, Ինֆորմատիկա մասնագիտությունների համար անհրաժեշտ է հանձնել Ֆիզիկա (գրավոր) կամ Մաթեմատիկա (գրավոր) միասնական քննություն։ Ընտրովի սկզբունքով երկու առարկաներից մեկը պետք է հանձնել միասնական համակարգով, մյուսը՝ մեկ աստղանիշով (*)․ սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Ֆիզիկա և Մաթեմատիկա բաժինների համար տարեկան ուսման վարձը 360․ 000 դրամ է, իսկ Ինֆորմատիկայի համար՝ 430 000 դրամ։

Տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի համար դիմորդը պետք է հանձնի Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Մաթեմատիկան՝ մեկ աստղանիշով (*)՝ վերևում նշված սկզբունքով։ Տարեկան ուսման վարձը 360 000 դրամ է։

Ֆակուլտետում գործում է ուսումնական աստղադիտարանը, համակարգչային լսարան-պորտալը, որտեղ ուսանողները և աշխատակիցները կարող են անվճար օգտվել 80 000 անուն էլեկտրոնային գիտական գրականությունից և ուսումնամեթոդական նյութերից: Մասնագիտական առարկաների մի մասը դասավանդվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացվում է ուսումնական լաբորատորիաների վերազինում, լաբորատոր աշխատանքների արդիականացում և այլն։

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ

Ֆակուլտետում ընդունելությունն իրականացվում է 4 մասնագիտությունների գծով՝ Քիմիա, Աշխարհագրություն, Կենսաբանություն, Շրջակա միջավայրի գիտություններ։

Քիմիա մասնագիտության համար դիմորդը պետք է հանձնի Քիմիա (գրավոր) միասնական քննություն, իսկ Մաթեմատիկան կամ Ֆիզիկան՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 360 000 դրամ է։

Աշխարհագրություն բաժնի համար պետք է հանձնել քննություն Աշխարհագրություն առարկայից՝ (գրավոր) միասնական, իսկ Մաթեմատիկան՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 390 000 դրամ է։

Կենսաբանություն բաժնի ընդունելության համար դիմորդը պետք է քննություն հանձնի Կենսաբանություն առարկայից՝ (գրավոր) միասնական, իսկ Մաթեմատիկան կամ Ֆիզիկան՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 390 000 դրամ է։

Շրջակա միջավայրի գիտություններ մասնագիտության համար պետք է հանձնել Քիմիա կամ Կենսաբանություն առարականերից մեկը՝ (գրավոր) միասնական, իսկ Ֆիզիկան՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 390 000 դրամ է։

Մեկ աստղանիշով (*)

Սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը ֆակուլտետի շրջանավարտներն են, որոնք նույն պատասխանատվությամբ ու բանիմացությամբ շարունակում են այն լավագույն ավանդույթները, որոնք ժառանգել են իրենց ուսուցիչներից:

Ֆակուլտետի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն արդեն 3 տարի է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է Lեռնային տարածքների Կայուն Զարգացում և ռեսուրսների կառավարում միջազգային գիտական ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել Հարավային Կովկասի լեռնային լանդշաֆտների պլանավորման, Կայուն զարրգացման ̈ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները, ներդնել համանուն մագիստրոսական դասընթաց, հրապարակել դասագիրք, գործընկեր բուհերի ուսանողների ու գիտաշխատողների շրջանակներում իրականացնել փոխանակման ծրագրեր:

Սիրելի դիմորդ, մանկավարժի մասնագիտությունը սահմաններ չունի ժամանակի մեջ. ուսուցիչը եղել է, կա և կլինի բոլոր ժամանակների՝ ակնածանքի և մեծարման արժանի մասնագիտություն։

Առաջիկա նյութերում կանդրադառնանք Մանկավարժական համալսարանի մյուս մասնագիտություններին ևս: Մինչ այդ, ծանոթացեք 2020-2021ուսումնական տարվա առկա բակալավրիատի մասնագիտությունների ցանկին և վարձաչափերին։

Փաստաթղթերի ընդունելությունը կմեկնարկի մայիսի 25-ին։

Ընդունելության վերաբերյալ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով։