Սիրելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ
Մայիս ամիսը հայ ժողովրդի համար ունի առանձնահատուկ խորհուրդ և պատմական մեծ նշանակություն․ այն եղել և այսօր էլ շարունակում է մնալ փառավոր հաղթանակների ամիս, չնայած վերահաս աղետը մշուշեց մեր 20-րդ դարավերջի ամենափառահեղ հաղթանակներից մեկը՝ Շուշիի ազատագրումը։ Եվ այնուամենայնիվ․․․
Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ։ Այս օրը մեր ժողովրդի պատմության օրացույցում ամենախորհրդանշական և հպարտություն ներշնչող տոներից մեկն է, երբ մեկտեղվում են հաղթանակի, միասնականության և ազգային ինքնության պահպանման գաղափարները։
Հաղթանակի օրը մեր ժառանգության այն էջերից է, որ ձևավորել է ազգային արժեհամակարգը։ Մենք պարտական ենք նրանց, ովքեր հերոսաբար պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ սրբագործելով հայրենի հողը իրենց քաջությամբ ու անձնազոհությամբ։ Նրանց զոհաբերությունն ու սխրանքը մեր պատմության անբաժանելի մասն են՝ անսպառ ուղենիշ նոր սերունդների սխրանքների համար։ Մեր բոլոր քաջերի շնորհիվ մենք այսօր կա՛նք և կրթում ենք նոր սերունդ՝ հենվելով նաև ամուր պատմական հիշողության վրա։
Հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ որպես գիտելիքի, դաստիարակության և հոգևոր արժեքների տարածման կարևոր կենտրոն, իր առաքելության շրջանակում մշտապես կարևորում է խաղաղության, փոխադարձ հարգանքի, ազգային ինքնության պահպանման ու հայրենասիրական դաստիարակության նշանակությունը։ Մեր ուսանողները, ապագա մանկավարժները, մեր հասարակության հիմքն են, ովքեր պիտի շարունակեն ամրացնել հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը՝ կրթելով վաղվա քաղաքացուն։
Թող Մայիսի 9-ը լինի հիշողության, խաղաղության և համերաշխության խորհուրդը վառ պահող օր։ Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ստեղծագործ աշխատանք և ոգեշնչում՝ ի շահ մեր երկրի զարգացման և բարօրության։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյան