Մանկավարժական համալսարանում կայացավ «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտական ձեռնարկն անցկացվեց խառը ձևաչափով․ուսանող-դասախոս համահեղինակությամբ զեկույցներ ներկայացրին ինչպես հայաստանյան մի շարք բուհերի, այնպես էլ ՌԴ, ԱՄՆ կրթական կառույցների ներկայացուցիչներ։
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը բացման իր խոսքում կարևորեց համագործակցային մանկավարժությունը՝ նկատելով՝ անհրաժեշտություն է, որ դասավանդողներն ու ուսումնառողները համատեղ աշխատեն ժամանակակից արդի խնդիրների և մարտահրավերների դիմակայման, լուծման հարցերում․ դրան է միտված նաև այս գիտաժողովը։
Դեկանն ընդգծեց՝ ֆակուլտետում արդեն ձևավորված ավանդույթ է կազմակերպել սկզբնական կրթության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որ տարեցտարի ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը ռեկտորատի անունից ողջունեց գիտական ձեռնարկի անցկացումը՝ նկատելով, որ այն մշտապես անդրադառնում է կարևոր հիմնախնդիրների, վերհանելով տարրական կրթության արդիական հարցեր։
Պրոռեկտորը նկատեց՝ ներկայիս մարտահրավերները ստիպում են վերանայել առաջնահերթություններն ու այսօր, առավել քան երբևէ, ունենալ ուժեղ դպրոց, կայացած կրթական համակարգ և ապագան այսօր կառուցելու կուռ արժեհամակարգ կրող հասարակություն, որի հիմնաքարերը ներկա և ապագա մանկավարժներն են։
Մարիամ Իսպիրյանը կարևորեց ուսանող-դասախոս համատեղ ակտիվ աշխատանքը, ներգրավվածությունն ու միջազգային կրթական հաստատությունների արձագանքն ու համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ և շահագրգիռ քննարկումներ։
Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ, մեթոդներ ու չափորոշիչներ, պահանջներ, դասագրքեր․այս համատեքստում Սկզբնական կրթության ֆակուլտետի փոխդեկան Արմինե Միքայելյանն անհնար է համարում գիտության զարգացումն ու առաջընթացը, որին է միտված նաև գիտաժողովը։
Նա կարևորեց նաև այն, որ ձեռնարկն անցկացվում է ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությանն ընդառաջ, նկատելով, որ մասնախմբերում ուսանողները զեկուցները ներկայացնելու են դասախոսների հետ համատեղ, համատեղ է լինելու նաև նաև մասնախմբերի աշխատանքների ղեկավարումը։
«Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի պլենար նիստին հաջորդեց աշխատանքը երեք մասնաճյուղերում։
Մասնակիցներն իրենց զեկույցներում ներկայացրին սեփական հետազոտությունները՝ անդրադառնալով սկզբնական կրթության այլընտրանքային և նորարարական մոտեցումներին, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, կրտսեր դպրոցականի անձի զարգացման մանկավարժակահոգեբանական հիմնախնդիրներին։
Բացի այդ, անդրադարձ եղավ նաև տարրական դպրոցում ուսումնասիրվող առարկաների դասավանդման մեթոդների կատարելագործման ուղղություններին, ՆՈՒՀ-ում և տարրական դպրոցում մեդիատեխնոլոգիաների կիրառմանը, սկզբնական կրթության ոլորտում ներառական կրթության արդի հիմնահարցերին, ժամանակակից կրթական համակարգում կարողունակությունների ձևավորման անհրաժեշտությանը և այլն։