ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Սոցիալական աշխատանքը մասնագիտություն է»
19.03.2019
«Սոցիալական աշխատանքը մասնագիտություն է»

Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվա շրջանակներում այսօր Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում. զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և «Սոցիալական աշխատող. աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի մասնագետներ, տարբեր բուհերի ու դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանը:

Վերջիններս վստահեցրին, որ ապագա սոցիալական աշխատողները չպետք է բավարարվեն գնահատական ու դիպլոմ ստանալով, այլ առաջին հերթին պետք է գիտակցեն իրենց մասնագիտական առաքելությունը և լինեն հումանիստ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն իր խոսքում անդրադարձավ ծայրահեղ աղքատ համարվող մարդկանց հիմնական խնդիրներին և փաստեց, որ նման մարդկանց հետ աշխատողների համար ամենակարևորը գիտելիք ունենալն է և պրոֆեսիոնալիզմը: Վերջինս խոսեց նաև հանրապետությունում սոցիալական աշխատողներ պատրաստող բուհերի և տարբեր ոլորտներում սոցիալական աշխատանք իրականացնող կառույցների մասին և հավելեց՝ առաջիկայում կմշակվեն սոցիալական աշխատողի մասին օրենքների դրույթներ, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ սոցիալական աշխատանքը մասնագիտություն է:

Ապագա սոցիալական աշխատողներին Աստղիկ Մինասյանը վստահեցրեց, որ մասնագիտական ճանապարհը դժվար է և հաջողությունների կողքին լինում են նաև սայթաքումներ. «Կարևորն այն է, որ սոցիալական վատ պայմաններում ապրող մարդկանց հետ աշխատող մարդիկ լինեն բարի և ունենան բավարարվածության զգացում, որովհեետև նրանց աշխատանքային հաջողությունները նաև ոլորտի հաջողության գրավականն են»:

Ոլորտի նպատակների ու հիմնախնդիրների մասին խոսեց «Սոցիալական աշխատող. աջակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Բունիաթյանը: Սոցիալական աշխատողի համաշխարհային օրը նա համարեց մարդկային արժեքների վերահաստատման օր, իսկ սոցիալական աշխատողին՝ բարության աջակից, լույսի և արժեքների վերարթնացման արարող:

Վերջինս ամփոփ ներկայացրեց սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների և բացթողումների բացահայտմանն ու վերհանմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Կոնֆերանսում եղան նաև զեկույցներ, որոնք վերաբերում էին սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության առանձնահատկություններին, սոցիալական աշխատանքի դերին առողջապահության ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, հանրապետությունում ոլորտի գիտական զարգացման հնարավորություններին և այլն: 

Կոնֆերանսն ամփոփվեց մասնագիտական քննարկումներով: Մասնակիցներն ստացան վկայականներ, ինչպես նաև եղավ «Սոցիալական աշխատողի ձայնը» երգի պրեմիերան: