ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոցիալական ծառայությունները՝ ուսանողների քննարկման առանցքում
30.11.2017
Սոցիալական ծառայությունները՝ ուսանողների քննարկման առանցքում

Սոցիալական ծառայությունների բանագավառում եվրոպական և ամերիկյան մետամոդելների վերլուծության վերաբերյալ դասախոսությամբ այսօր Մանկավարժական համալսարանում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը:

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանն ապագա սոցիալական աշխատողների հետ խոսելով երկու մոդելների մասին՝ բանախոսը նկատեց՝ չնայած դրանք պարունակում են դեպքի վարման նույն մեթոդաբանությունը, սակայն սահմանումը յուրաքանչյուր մետամոդելի խիստ տարբեր է:

Խոսելով եվրոպական մետամոդելի առանձնահատկությունների մասին՝ Հասմիկ Առաքելյանն առանձնացրեց բոլոր քաղաքացիների համար սոցիալական ապահովություն և սոցիալական իրավունքները, սոցիալական ոլորտի բոլոր դերակատարների միջև հանրային պատասխանատվությունը՝ սոցիալական աշխատանքի պատասխանատվությունը դիտարկելով ոչ թե անձնական, այլ վարչարարական հարց.«Եվրոպայում սոցիալական ծառայությունների նպատակը՝ համընդհանուր սոցիալական բարեկեցությունն է»,-հավելեց վերջինս:

Ամերիկյան մետամոդելների առանձնահատկություններից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգողը նշեց՝, որ այն հիմնված է ԱՄՆ-ի առողջապահական ծառայություների շուկայի վրա, հարուստները կարող են իրենց թույլ տալ օգտվել ավելի շատ սոցիալական ծառայություններից, քան աղքատները:

Նա հավելեց, որ ամերիկյան մոդելում կազմակերպված սոցիալական ծառայությունների հիմնական թիրախը ոչ թե բազմակի խնդիրներով ընտանիքներն են, այլ ծերերն ու հաշմանդամություն ունեցող անձինք:

Խոսելով հայաստանյան իրականության մասին՝ բանախոսը նախ անդրադարձավ խորհրդային տարիների իրականությանը, ապա խոսեց ներկայիս իրավիճակի մասին՝ նշելով, որ այսօր մեր երկրում գործում է 18 ինտեգրված սոցիալական առաջանցիկ ծառայությունների կենտրոն, որոնց մի մասն առաջանցիկ են իրենց գործունեությամբ և այստեղ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, իսկ մյուսը մասը դեռ կայացման փուլում են:

Հասմիկ Առաքելյանը հավելեց, որ մինչև 2025 թվականը նախատեսվում է ունենալ 54 նմանատիպ կենտրոն՝ամբողջ Հայաստանում:

Պատասխանելով ուսանողների այն հարցադրմանը, թե որ մետամոդելին է մոտ հայկականը՝ ամերիկյան, թե եվրոպական, բանախոսը նշեց.«Հայկական մոդելն այդ երկուսի խառնուրդն է, քանի որ մի կողմից մենք ասում ենք, որ սոցիալական պետություն ենք և ցանկանում են օգնել կարիքի մեջ գտնվող անձանց և սկզբունքորեն ասում ենք, որ եվրոպական մոդելին, սակայն իրականում օգնում ենք խոցելիներից խոցելիներին»:

Հանդիպման ընթացքում ծավալվեց հարց ու պատասխան, մասնավորապես՝ ո՞ր մետամոդելն ենք որդեգրում՝ ընտանիքահե՞ն, անձի ինքնապաշտպանությա՞ն թե՞ խոցելիներից ամենախոցելիներին աջակցելու ճանապարհով, դեպք վարողը՝ աջակցությունը համակարգո՞ղ և տեսու՞չ՝ միմյանց հետ անհամադրելի են, կենտրոնական և տեղական իշխանության միջև դրամային և ոչ դրամային սոցիալական ծառայությունների պատասխանատվության դերի բաժանման և այլն:

aspu.am-ի հետ զրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը կարևորեց Մանկավարժականի՝ որպես սոցիալական աշխատողներ պատրաստող բուհի առաքելությունը, կարևորելով այն, որ այստեղ դասավանդվող տեսական գիտելիքները պետք է համահունչ լինեն պրակտիկայում իրականացվող գործունեությանը, իսկ միջազգային կառույցներում, կազմակերպություններում մշակվող փաթեթները դառնան ուսումնական ծրագրերի մաս: