ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սոցիոլոգիական խնդիրներ՝ միջազգային գիտաժողովի շրջանակներում
10.10.2018
Սոցիոլոգիական խնդիրներ՝ միջազգային գիտաժողովի շրջանակներում

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել են «Սոցիոլոգիան՝ սոցիալ-տնտեսական փոփոխությունների դարում» խորագրով միջազգային գիտական սոցիոլոգիական ընթերցումներ:

Երկօրյա միջազգային գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի մի շարք համալսարանների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՊՄՀ-ի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց ձեռնարկի անցկացումը, որը հնարավորություն կտա սոցիոլոգիական գիտության շրջանակներում նորովի մեկնաբանել գիտական պրպտումները: Պրոռեկտորի կարծիքով՝ սոցիոլոգիան կարող է շատ հստակ անդրադարձ ունենալ այնպիսի կարևոր հարցերի, որոնք ողջ հասարակության մակարդակում փորձ է արվում լուծումներ գնտել: Սրբուհի Գևորգյանը բուհի ղեկավարության անունից գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ այս հարթակում հնարավորություն կընձեռվի բարձրացնել սոցիոլոգիական կոնկրետ հարցեր, ուրվագծել նոր տեսլականներ՝ ապահովելու համար գիտության այդ ոլորտի հետագա անելիքները:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն առաջին հերթին կարևորեց արտասահմանյան ներկայացուցիչների մասնակցությունը ոչ միայն գիտական, այլև նոր միջազգային համագործակցության տեսանկյունից: Պրոռեկտորը վստահ է՝ գիտական և տեխնոլոգիական զարգացման ինտենսիվ գործընթացներում նման գիտաժողովները կնպաստեն նաև Հայաստանում սոցիոլոգիական ոլորտի խնդիրների լուծմանը՝ գիտության զարգացման տեսանկյունից:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը հասարակության զարգացման գործում մեծապես կարևորեց սոցիոլոգիական գիտության դերը և հավելեց, որ Հայասատանում ընթացող սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների համատեքստում նման ընթերցումները կարող են առավել արդյունավետ լինել:

«Ես վստահ եմ՝ մենք կգտնենք ընդհանուր եզրեր մեր արտասահմանյան գործընկերների հետ. այն ինչ առաջարկում են նրանք և անում ենք մենք, ձեռնտու է առաջին հերթին ուսանողների համար»,-նշեց Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը ու ընդգծեց, որ ամբիոնը սոցիոլոգիական ընթերցումների լավ փորձ ունի:

Նա ներկայացրեց նաև Սանկտ Պետերբուրգի համալսարանի լավագույն փորձը և հավելեց, որ արտասահմանյան գործընկերներից շատերն այստեղ են նաև համագործակցության կոնկրետ առաջարկներով:

Պրոֆեսորի կարծիքով փոխշահավետ համագործակցությունը մեծ նպաստ կբերի ոչ միայն ուսանողներին, այլև Հայաստանում սոցիոլոգիական գիտության զարգացմանը:

Պլենար նիստում Լեհաստանի Օլշտին քաղաքի Վարմիայի և Մազուրիի համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկին ներկայացրեց ֆրանսիացի գրող, փիլիսոփա, քաղաքագետ Գայ Դեբորդի կյանքն ու գործունեությունը, ապա խոսեց հասարակության կյանքում տեղի ունեցող փոխակերպումների մասին, որոնց հիմքը շարժումն է. «Սոցիալական իրավիճակի փոխակերպումը կբերի մտածողության զարգացումների»,-հավելեց պրոֆեսորը:

Չերեպովեցի համալսարանի փիլիսոփայական գիտությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Ալբինա Մեխովան էլ այն կարծիքին է, որ մենք ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում և ոչ միայն մեր, այլև աշխարհի բոլոր երկրներում ռազմավարական բոլոր փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, թե հասարակությունն ինչպես է դրանք ընդունում:

Ալբինա Մեխովան ներկայացրեց նաև իր սոցիոլոգիական հետազոտությունները՝ Չերեպովեց քաղաքի օրինակով ներկայացրեց 1777 թվականին քաղաքի կարգավիճակ ստացած, 318 հազար բնակչություն ունեցող քաղաքի կենսակերպը, տարածաշրջանի սոցիալական կապիտալը, սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու մոտեցումները՝ շեշտը դնելով նորարարական դասի նախաձեռնողականության վրա:

Միջազգային սոցիոլոգիական ընթերցումների աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում: