ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սպորտային խաղերի մեկնարկը տրված է․․․
18.11.2024
Սպորտային խաղերի մեկնարկը տրված է․․․

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեցին ավանդական դարձած սպորտային խաղերը։ Բուհի Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը մասնակցում են 10 ֆակուլտետների, ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոցի, ինչպես նաև «Էրեբունի» և Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջների թիմերը։

Սպորտային երկշաբաթյա նախաձեռնությունը միտված է ակտիվացնելու բուհական սպորտային կյանքը։ Մասնակիցները կմրցեն շախմատ, թենիս, վոլեյբոլ, հրաձգություն և ազգային խաղեր սպորտաձևերում։

Մասնակիցներին ողջունեցին բուհի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Նաիրա Սաֆարյանը սպորտային խաղերի մասնակիցներին մաղթեց հաղթական տրամադրություն, խոստացավ, որ հաղթող թիմը ուժերը կփորձի նաև դասախոսներից կազմված թիմի հետ։

Մարիաննա Հարությունյանն էլ նախ շնորհավորեց Ուսանողների միջազգային օրվա, ապա՝ Ուխ կառույցի և ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոցի հիմնադրման 30-ամյակի առթիվ, ապա ընդգծեց սպորտի դերն ու կարևորությունը մարդու կյանքում, առօրյայում։ Նա հույս հայտնեց, որ սպորտային այս նախաձեռնությամբ նրանք մուտք կգործեն սպորտաշխարհ՝ այն դարձնելով իրենց ապրելակերպի կարևոր բաղկացուցիչ։

Պատվոգրեր, մեդալներ, ամենամյա գավաթի փոխանցում․ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը խոստացավ, որ սպորտային խաղերը կլինեն հետաքրքրական և նվաճումներով լի։

Հիշեցրեց՝ սպորտը թեպետ պայքար է ենթադրում, սակայն հաղթանակ տանող ուղին կլինի ազնիվ և առողջ մթնոլորտում․ դրան կնպաստեն նաև Շախմատի և սպորտի ամբիոնի դասավանդողները, որոնց ձեռքբերումները սպորտային ոլորտում նշանակալի են։