ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սփյուռքահայ 61 ուսուցիչ  կվերապատրաստվի Մանկավարժական համալսարանում
01.07.2019
Սփյուռքահայ 61 ուսուցիչ  կվերապատրաստվի Մանկավարժական համալսարանում

Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Հուլիսի 1-27-ն անցկացվող ծրագրին մասնակցում է 15 երկրից 61 ուսուցիչ: Նրանք կվերապատրաստվեն ուսումնական 5 խմբերով: Ծրագրով մասնակիցների համար նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ, հանդիպումներ, շրջայցեր հանրապետության տեսարժան վայրերում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց սփյուռքահայ ուսուցիչներին և վստահեցրեց, որ բուհը կանի հնարավորը՝ այն պատշաճ որակով անցկացնելու համար:

«Ձեր աշխատանքն ուղղված է մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի ծանոթացմանը և այս առումով այն ունի բացառիկ նշանակություն: Հավաստիացնում եմ, որ դասընթացների կազմակերպիչները խոր գիտակցությամբ են մոտենում նշված իրողությանը»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ծրագրի բացման ընթացքում:

Ռեկտորը վստահեցրեց, որ վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները կարող են հանդես գալ առաջարկներով, ինչը կօգնի կատարելագործել, նոր շունչ ու որակ հաղորդել դրանց: Նա հույս հայտնեց, որ հայրենիքում ստացած տպավորություններն ու ջերմությունը սփյուռքահայ ուսուցիչները կտեղափոխեն իրենց ամենօրյա գործունեության մեջ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին, ևս մեկ անգամ կարևորեց վերապատրաստումների հերթական փուլը, ինչը հնարավուրություն է տալիս ծանոթանալու Սփյուռքի տարբեր համայնքների դպրոցներում առկա խնդիրներին, և դասավանդման մեթոդաբանությունը փոխել դրանց համապատասխան:

«Դուք Սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք: Ամեն անգամ այստեղ նոր մեթոդներ կիրառելով և դրանք ձեզ հետ տանելով համայքներ՝ էլ ավելի եք ուժեղացնում այն կրթական հաստատությունների դիրքն ու դերը, որոնք ներկայացնում եք: Մենք այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր

հանրակրթական մեկ դաշտ»,-նշեց նախարար Հարությունյանն ու հավելեց, որ ընթացքի մեջ է մի փաստաթղթի մշակում, որը հնարավորություն կտա կարևորել հայագիտությունը Սփյուռքում:

Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանը, ում երեխաները կրթություն են ստացել հայրենիքից հեռու, սեփական փորձով գիտի սփյուռքահայ ուսուցչի աշխատանքի կարևորությունը:

«Սփյուռքում դուք հայանպաստ, ազգանվեր աշխատանք եք կատարում: Այստեղ ձեզ անչափ կարևոր դասընթաց է սպասվում»,-հավելեց  Զարեհ Սինանյանն ու արդյունավետ աշխատանք մաղթեց ծրագրի մասնակիցներին:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամառային դասընթացն անցկացվում է Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում: 

Կենտրոնի տնօրեն, Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ հավելեց, որ հաջողվել է ստեղծել կուռ, միասնական դարբնոց, որտեղ թիրախը ոչ միայն սփյուռքահայ ուսուցիչների ներկայիս խնդիրներն են, այլև վերապատրաստումից պատրաստության անցնելը:

«Այսօր մեզ համար կարևոր է գտնել հայերենի, ազգային պաշտպանության նոր եղանակներ: «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը պատիվ է ունեցել վերստեղծել խորքային բովանդակությամբ վերապատրաստումներ՝ դրանց հաղորդելով նոր հուն»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանում սփյուռքահայ ուսուցիչները «կհաղթահարեն հայ գրականության և լեզվի Արարատը»:

Նշենք, որ հուլիսի 1-27-ն անցկացվող սփյուռքահայ ուսուցիչներին կվերապատրաստեն 56 մասնագետներ, հիմնականում Մանկավարժական համալսարանից, կան նաև հրավիրյալ մասնագետներ:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը այս տարի ևս վերապատրաստողների թվում է: Վստահ է՝ սա ունի կարևոր նպատակ ու առաքելություն.  «Հաճախ եմ լինում աշխարհի տարբեր երկրներում և պարտադիր այցելում եմ 3 կարևոր հաստատություն՝ դպրոց, եկեղեցի և դեսպանություն: Ամեն անգամ դպրոց մտնելիս նույն երեխաներն են, ինչ հայրենիքում՝ ավելի թախծոտ և այլ լեզվի կրող:

Դուք ահռելի աշխատանք եք տանում, որ այդ երեխաները միայն արտաքինով հայ չմնան՝ նրանց ներաշխարհը հարստացնելով ազգային ոգով»,-նշեց Աշոտ Մելքոնյանն ու ողջունեց Նախարարության և Մանկավարժական համալսարանի՝ համահայկական մտածողություն, գաղափարախոսություն, աշխարհայացք ձևավորելու գործում համատեղ ահռելի աշխատանք կատարելու իրողությունը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն էլ հավաստիացրեց՝ ճիշտ է նման վերապատրաստումները անցկացնել Մանկավարժական համալսարանում և մեջբերելով նշանավոր հայագետ Ժան Պիեռ Մահեին՝ նշեց.

«Եթե որևէ մեկն ուզում է իմանալ, թե ով է հայը, պետք է կարդա Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Մենք հետևում ենք Լուսավորչի պատգամներին, առաջընթացների կողմնակից ենք և ուսանողների մոտ սերմանում ենք համամարդկային մոտեցումներ»: